Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այսօր Վիեննայում ներկայացրեց Սլովակիայի՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահության ծրագիրը:
Սլովակիայի ԱԳ նախարարը ներկայացրեց Սլովակիայի համար առաջնահերթությունները: Իր ելույթում Միրոսլավ Լայչակը հայտարարեց. «Առաջին անգամ Սլովակիան նախագահում է այս բազմակողմանի կազմակերպությունը իր դռանն ունենալով ճգնաժամ, առաջին անգամ մենք ստանձնում ենք նախագահությունն այսպիսի մեծ անվստահությամբ ապագայի նկատմամբ, այն ժամանակահատվածում, երբ բազմազանությունը դրված է վտանգի տակ»:
Սլովակիայի ԱԳ նախարարը նշեց, որ Վիեննայից Բրատիսլավա 60 կմ է և ընդամենը 380 կմ Բրատիսլավայից մինչև Ուկրաինայի հետ սահման, որը գտնվում է զինված հակամարտության մեջ Ռուսաստանի հետ: Այնուհետև հայտարարեց. «Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում և դրա շրջակայքում, անընդունելի է: Կարող եմ վստահեցնել, որ Սլովակիան գիտակցում է այս խնդրի հրատապությունը: Այն մարտահրավեր է, որին դիմակայում է ԵԱՀԿ տարածաշրջանն ու ողջ աշխարհը, ինչին դիմակայելու համար անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն և երկխոսություն»:
Ըստ Միրոսլավ Լայչակի՝ Սլովակիայի առաջնային նպատակը ԵԱՀԿ ներսում հակամարտության հետևանքների մեղմացումն է. «Մտահոգության հիմնական առարկան, մյուս սառեցված հակամարտությունների շարքում, Ուկրաինայում ընթացող ճգնաժամն է, Ղրիմի անօրինական բռնակցումը և իրավիճակը Կերչում: Ցավալի իրավիճակ է, կասկած չկա, բայց միայն դատապարտումը ոչինչ չի փոխի»:
Ներկայացնելով Սլովակիայի՝ որպես նախագահող պետության առաջնահերթությունները, Միրոսլավ Լայչակն ասաց. «Մենք կենտրոնանալու ենք այն հանգամանքի վրա, թե ինչպիսի միջամտություն է ստանում հակամարտությունը, ինչպես է այն լուծվում և կանխարգելվում: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու այն մարդկանց, որոնք ապրում են այդ հակամարտության մեջ: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի ապահով ապագայի, մենք ունենք ավելի արդյունավետ աշխատանքի պարտավորվածություն, որպեսզի ապահովենք բազմակողմանիությունն ու բազմակարծությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ