Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես վստահ եմ, որ նոր խորհրդարանը կցրի Արմեն Աշոտյանի բոլոր մտահոգությունները». Ռուբեն Ռուբինյան

Հունվար 10,2019 17:58

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ նոր ԱԺ-ում փորձառուների եւ երիտասարդների լավ համադրություն է լինելու ու դա լավ հնարավորություն է տալու որակյալ ու արդյունավետ աշխատանքի համար: Լրագրողները հարցրեցին՝ խորհրդարանը եղել է հիմնականում կառավարության բերած նախագծերն ընդունող մարմին, հիմա նո՞ւյնը սպասենք, դուք ունե՞ք օրենսդրական նախաձեռնությունների գաղափարներ՝ պատասխանեց, որ որոշակի մտահղացումներ ունի, բայց այսօր դրանց մասին չի խոսի:

Հարցին՝ դուք առաջադրվելու եք՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, բարդ չի՞ լինելու այդ հանձնաժողովի աշխատանքները համակարգել ու կարելի՞ է ենթադրել, որ եթե ընտրվեք, ղեկավարելու եք նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ցանկացած պետական աշխատանք թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում բարդ է, բայց ես պատրաստ եմ աշխատել»:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ պատվիրակությունը ղեկավարելուն, նա ասաց, որ առաքելությունների կազմերը դեռ հստակեցված չեն, հետեւաբար զերծ կմնա մանրամասնելուց:

Արմեն Աշոտյանը մտահոգություն էր հայտնել, որ 2019-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չեն հասցնի վավերացնել՝ Ռուբինյանն ասաց, որ գործընթացի կասեցման վտանգ չկա. «Ես վստահ եմ, որ նոր խորհրդարանը կցրի Արմեն Աշոտյանի բոլոր մտահոգությունները»:

Մեր հարցին՝ Արմեն Աշոտյանը նաեւ հայտարարում էր, որ այս իշխանությունների աքիլլեսյան գարշապարը եւ ամենամեծ սխալները արտաքին քաղաքականության հարցում են, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ՝ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այս հարցուպատասխանում պետք է այդքան ժամանակ հատկացնել նախկին իշխանությունների ոչ այնքան տրամաբանական գնահատականներին»:

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցով Ռուբինյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի բերած փաստարկը, որ պետք է լինի մեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը, փաստարկներից մեկն է, բայց կարող են լինել նաեւ այլ փաստարկներ: Նա ասաց, որ խմբակցությունում կքննարկեն ու տրամաբանական որոշման կգան: Հարցին՝ վարչապետի խոսքը ուղղորդիչ չէ՞ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար՝ Ռուբինյանը պատասխանեց, որ խմբակցության ցանկացած անդամի խոսքն էլ ինչ-որ չափով ուղղորդիչ է մյուսների համար, բայց որոշումը ի վերջո կայացվելու է խմբակցությունում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031