Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. «Լարսում տեղի է ունենալու գլոբալ արդիականացում, որն այս տարի կմեկնարկի»

Հունվար 10,2019 17:54

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անդրադառնալով Լարսին, ասաց՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են:

«Այս պահին չեմ կարող այլ մեկնաբանություն անել, որպեսզի բանակցություններին վնաս չհասցնեմ, քանի որ դա առաջին հերթին եռակողմ բանակցություն է․ դա ո՛չ հայկական, ո՛չ ռուսական սահման է, դա ռուս-վրացական սահման է, եւ մենք բանակցում ենք որպես 3-րդ կողմ»,-ասաց Արշակյանը։

Նա նշեց՝ ՌԴ-ի իր գործընկերոջ հետ մասնակցել է Ռուսաստանի սահմանային անցակետերի արդիականացման վերաբերյալ ծրագրի քննարկմանը, հանգել են այն եզրահանգման, որ Լարսը պետք է ընդգրկվի այդ ծրագրում որպես կրիտիկական անցակետ. «Լարսում տեղի է ունենալու գլոբալ արդիականացում, որն այս տարի կմեկնարկի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հակոբ Արշակյանը նաեւ ասաց, որ իր պաշտոնավարման վերաբերյալ քննարկում եղել է. «Կշարունակեմ պաշտոնավարել»:

Անդրադառնալով նախարարությունների օպտիմալացմանը եւ նախարարության անվան փոփոխությանը, Արշակյանը տեղեկացրեց՝ նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն. «Թե դա հետո ինչպես կօգտագործվի, 2-րդ հարցն է: Մենք կունենանք բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է Հայաստանի Հանրապետության մտքի արտադրանքը առեւտրայնացնելով»:

Ռազմարդյունաբերություն բառն էլ, Արշակյանի ներկայացմամբ՝ աշխատում են նախարարության անվան մեջ չներառել, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս. «Մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել