Լրահոս
Օրվա լրահոսը

H1N1-ը՝ «Խոզի գրիպը» Հայաստան էլ է եկել, բայց դարձել է սովորական գրիպ

Հունվար 10,2019 17:49

Հարեւան Վրաստանում տարածված գրիպի պատճառով արդեն տասից ավելի մարդ է մահացել, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում են: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, նրանց մահվան պատճառը H1N1 վարակն է, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»:

«Խոզի գրիպը» Հայաստան էլ է եկել եւ սուր շնչառական խնդիրներով հիվանդանոցներ տեղափոխված տասնյակ քաղաքացիների մոտ էլ հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները: Սակայն, ինչպես մասնագետներն են նշում, «Խոզի գրիպ»-ն իրենից այնպիսի սպառնալիք չի ներկայացնում, ինչպես տարիներ առաջ էր, եւ շրջանառվելով, դարձել է սովորական գրիպ:

Այդուհանդերձ, մեր հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակների պատճառով էլ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա: Ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում հատկապես մանկական հիվանդանոցները: Օրվա որոշակի ժամերի մանկական հիվանդանոցները տեղ չեն ունենում նոր եկած երեխաներին հոսպիտալացնելու: Ծնողները երեխաները ձեռքին ընդունարաններում սպասում են այնքան ժամանակ՝ մինչեւ որ տվյալ բուժհիմնարկում ազատ տեղ է բացվում: Առաջին բուժօգնությունը, սակայն, երեխաները պարտադիր ստանում են: Այս մասին մեզ հետ զրույցում հավաստեցին մանկական հիվանդանոցների պատասխանատուները: «Արաբկիր» բժշկական կենտրոնը երեկ էլ, այսօր էլ առավոտից արդեն մի քանի տասնյակ երեխաներ է ընդունել: Այսօր օրվա երկրորդ կեսից արդեն հիվանդանոցում տեղեր էին բացվել եւ հիվանդանոցը կարող էր կրկին գրիպի ախտանիշներով երեխաներին, որոնք ունեին հիվանդանոցային բուժօգնության կարիք, ընդունել:

Մեր հարցին, թե սուր շնչառական գանգատներով երեխա ընդունո՞ւմ եք, «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի ընդունարանից ի պատասխան՝ ասացին՝ «շատ ծանրաբեռնված ենք, բայց, իհարկե, ընդունում ենք, եթե բերեք, երեխան հաստատ դուրս չի մնա»:

«Մուրացան» հիվանդանոցից էլ հայտնեցին՝ տեղերը սահմանափակ են, բայց ընդունում ենք:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից հորդորեցին երեխային բերել, որպեսզի բժիշկները հետազոտեն եւ եթե կարիք լինի՝ կպառկեցնեն:

Aravot.am-ի հարցին, թե քանի մարդու մոտ է ախտորոշվել H1N1 վարակը, առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ գրիպի նկատմամբ հետազոտությունները չեն հետապնդում դիագնոստիկ նպատակ. «Միջազգային մոտեցումն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն պարզի սեզոնի ընթացքում շրջանառվող վիրուսը: Այս տարի գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակներն են եւ ըստ դրա բուժում է իրականացվում»:

Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ մեր երկրում այս ընթացքում նշյալ վարակներից մահվան դեպք չի գրանցվել:

Aravot.am-ը կառավարության ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, որոնք ամենօրյա վերահսկողություն են իրականացնում Հայաստանի սահմանային կետերում, հետաքրքրվեց՝ սուր շնչառական հիվանդությունների վարակի սրացմամբ պայմանավորված ինչպիսի՞ միջոցառումներ են կատարվում սահմանային կետերում:

Տեսչական մարմնի Հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչություն պետ Աննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անկախ այն բանից, որ Վրաստանում կամ մեկ այլ երկրում վարակը կա, թե՝ չկա, մեր սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Այս պահին, քանի որ ե՜ւ կարմրուկի, ե՜ւ գրիպի սեզոնային հիվանդացության աճ կա, մենք հանձնարարել ենք առավել ուժեղացնել հսկողությունը»:

Ըստ Աննա Հարությունյանի, եթե մինչ այդ հսկվում էին այն ուղեւորները, որոնք ժամանում էին այնպիսի երկրներից, որոնք համաճարակային տեսանկյունից վտանգ կարող էին ներկայացնել մեր հանրապետություն վարակ ներթափանցման տեսանկյունից, ապա այս պահին բոլոր ժամանող ուղեւորների նկատմամբ է հսկողությունը. «Դա կատարվում է ստացիոնար ջերմաչափումների, ինչպես նաեւ արտաքին զննման եւ հարցուփորձի միջոցով»:

Տիկին Հարությունյանի խոսքով, նման ախտանիշներ հայտնաբերելու դեպքում տվյալ քաղաքացուն անպայման մեկուսացնում են եւ կատարում համապատասխան միջոցառումներ. «Կա արագ արձագանքման խումբ, որը հայտնաբերում է, բայց ախտորոշում չի դնում: Հայտնաբերելուց հետո հասցեական քարտ է լրացվում եւ եթե այդ պահին հոսպիտալացման կարիք չկա, ապա քարտը հայտնվում է համապատասխան տարածքի պոլիկլինիկայում, իսկ պոլիկլինիկան հսկողություն է սահմանում քաղաքացու նկատմամբ՝ վարակիչ հիվանդության առավելագույն ինկուբացիայի չափով»:

Հունվարի 8-ի դրությամբ (նոր տվյալներ առկա չեն), ըստ առողջապահության նախարարության, հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ, որի 96%-ը երեխաներ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031