Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կուլիսների հետեւում որեւէ բան չենք պայմանավորվում». Մարուքյանը քննադատում է ՀՀԿ-ի ավանդույթները շարունակելու համար

Հունվար 10,2019 17:43

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում թե որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը պետք է ընտրվի, դարձել է կռվախնձոր:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ կապ չունի, թե որ ընդդիմադիր խմբակցությունն ավելի շատ մանդատ ունի, պետք է փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն իրենք որոշեն, թե ում են ուզում տեսնել այդ պաշտոնում:

Այսօր պատգամավորական մանդատների հանձնման արարողության ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ անընդունելի է, եթե ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում ԱԺ փոխնախագահ ընտրեն. «Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, ոչ թե ՀՀԿ-ի ժամանակվանից պահպանված տրադիցիաները շարունակենք»:

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի թիմում՝ «Իմ քայլը» դաշինքում արդեն նման մտադրություն ունեն՝ քվեարկել ԲՀԿ խմբակցության պատգամավորի օգտին՝ Մարուքյանը պատասխանեց. «Անգամ եթե նման որոշում կա, որի մասին օֆիցիալ չի հայտարարվել, մեր տրամադրվածությունն այն է, որ ընդդիմադիր փոխխոսնակի մեր թեկնածուն ավելի լավ թեկնածու է»: Նա ասաց, որ Փաշինյանի կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ պայմանավորվածություններ այս առումով չունեն. «Մենք կուլիսների հետեւում որեւէ բան չենք պայմանավորվում»:

Հարցին՝ դուք ասել էիք, որ երկար ժամանակ չեք պատրաստվում ընդդիմություն լինել, դա ի՞նչ է նշանակում՝ Մարուքյանը պարզաբանեց. «Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքական ուժ, եթե ընտրությունների արդյունքներով չի դարձել իշխանություն, շարունակում է ձգտել իշխանության: Թե դա երբ կլինի՝ հաջորդ ընտրություններին եւս կփորձենք ձգտել, որքան շատ մանդատ՝ այնքան շատ իշխանություն: Ասում են՝ տարակուսանք է առաջացրել ձեր հայտարարությունը, անտրամաբանական կլիներ, որ ասեինք՝ մենք ընդդիմություն ենք եւ միշտ պատրաստվում ենք մնալ ընդդիմություն: Ցանկացած ընդդիմություն ձգտում է դառնալ իշխանություն, կամ թեկուզ իշխանական լծակներ ստանալ, որ իր ծրագրերը կյանքի կոչի, բա ինչի՞ համար է մտել քաղաքականություն»:

Թե իրենց խմբակցությանը քանի՞ հանձնաժողով են տալու՝ Մարուքյանն ասաց, որ 6-րդ հանձնաժողովը, ըստ Դոնթի բանաձեւի, իրենց է պատկանում. «Կտեսնենք առաջին հանձնաժողովները որոնք են ընտրվել, մնացածներից կընտրենք 6-րդ հանձնաժողով՝ մեր ներկայացուցչի նախագահությամբ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանի հետ ձեր հակասությունները շարունակվո՞ւմ են՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք անձնական հակասություններ չունենք ոչ մեկի հետ»: Լրագրողները հիշեցրին՝ ուղիղ եթերում ուղերձներ էիք հղում՝ Մարուքյանն արձագանքեց. «Ուղերձը հղված է ոչ միայն իրեն, այլեւ ՀՀ քաղաքացիներին՝ մեր հասցեին հնչած ապատեղեկատվության, հակաքարոզչության հետ կապված: Մենք բոլոր հարցերին պատասխանել ենք ու էդ թեման մեզ համար փակ է: Եթե ինչ-որ մեկը կփորձի շարունակել, ինչ-որ բան մեր հասցեին ուղղել՝ դա անպատասխան չի մնա»:

Հարցին՝ դուք խորհրդարանում ԲՀԿ-ին է՞լ եք ընդդիմություն լինելու՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք ընդդիմություն ենք լինելու իշխանությանը: Եթե ԲՀԿ-ն կհայտարարի, որ ընդդիմություն է, կտեսնենք գործունեությունը»:

ԼՀԿ-ն նաեւ առաջարկում է նոր հանձնաժողով ստեղծել՝ ԵԱՏՄ-ի հարցերով զբաղվող: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում բազմաթիվ պրոբլեմներ ունեն, բայց այդ պրոբլեմների համար խորհրդարանական հարթակ չունենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031