ԿԳ նախարարությունը վարքականոն է մշակել ուսուցիչների համար, որը դեռ նախագծային փուլում է: Անկեղծ ասած, այնտեղ եղած ինչ-ինչ կետեր շատ պլակատային են, սովետաշունչ, որոշներն էլ հիշեցնում են ավագ ջոկատավարի կողմից պիոների պահվածքի վերաբերյալ ժամանակին ընդունված պահանջները, դիցուք` պիոները պետք է ջրի ծաղիկները, տատիկներին օգնի անցնել փողոցը, լավ սովորի, մետաղի ջարդոն հավաքի եւ այլն:
«Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, բարձր պահի մանկավարժի մասնագիտության վարկանիշը եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։
Պետք է պահանջկոտ լինի սեփական անձի նկատմամբ, լինի բարեխիղճ ու պարտաճանաչ, շարունակ ձգտի ինքնակատարելագործման, իր գործունեությամբ լինի դրական օրինակ աշակերտների համար…»,- վարքականոնի նման պահանջները շատ պրիմիտիվ են ու նսեմացնում են մանկավարժի կերպարը:
Նվիրյալ ուսուցիչներն ի սկզբանե աշխատել են առանց նախարարությունների կողմից մոգոնված վարքականոնների ու դեռ այն ժամանակն երում, երբ նախարարություններ չկային, ավելին` շատ էլ լավ արդյունքներ են ունեցել ի դեմս իրենց փառահեղ աշակերտների:
Մանկավարժի վարքականոնի նախագծում նաեւ ամրագրվում է, որ ուսուցչի կողմից սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումն արգելվում է: Կներեք, իսկ եթե աշակերտը կոնկրետ դպրոցում չի ստանում որակյալ կրթություն, ինչո՞ւ պետք է սահմանափակվի վճարովի հիմունքներով կրկնուսույցի դիմելու նրա իրավունքը: Չմոռանանք, որ հատկապես գյուղական դպրոցներում կրթության որակը տարբեր պատճառներով նկատելիորեն զիջում է երեւանյան դպրոցներում տրվող կրթության որակին, ինչը բազմիցս փաստվել է տարբեր զեկույցներում:
Մի քանի տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն Մարկ Բրեյը «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում փաստում էր, որ ամբողջ աշխարհում կրթությունը ծրագրավորող մարմինների ու կրթական քաղաքականություն մշակողների ուշադրությունը կենտրոնացած է միայն կրթության ֆորմալ համակարգերի վրա, մինչդեռ, չնայած ոչ շահեկան կարծրատիպերին, փոքր չէ նաեւ կրկնուսուցման համակարգերի դերը:
Նրա համոզմամբ, մասնավոր կրկնուսուցումն օգնում է աշակերտներին յուրացնել ծրագիրը, ապահովում նրանց կազմակերպված զբաղվածությունը դասերից ազատ ժամերին եւ եկամուտ բերում ուսուցիչներին: Մարկ Բրեյն ընդգծում էր, որ լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը եւ ուղղորդի այն նախընտրելի ճանապարհով:
Պատկերացնում ե՞ք` մանկավարժության հայր Յան Ամոս Կոմենսկին 17-րդ դարում, աշխատեր ինչ-որ նախարարության ստեղծած վարքականոնով:
Մշակվող վարքականոնը նախատեսում է, որ ուսումնական հաստատություններում պետք է գործի հանձնախումբ, որն էլ քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում ընդունի, ինչը կարող է պարունակել խրախուսող կամ պարսավող գնահատական, նպաստել կարգապահական տույժ սահմանելուն: Ի՞նչ երաշխիք, որ նման հանձնախմբերը չեն վերածվի անցանկալի ուսուցիչներից ազատվելու պատժիչ օղակների: Եվ ինչու պետք է ինչ-որ հանձնախումբ հրապարակավ գովի կամ պարսավի ուսուցչին: Ի դեպ, նույն Կոմենսկին ասում էր` «Մի հետամտիր գովեստին, բայց ողջ ուժով ձգտիր գովելի գործել»:
Կարծում եմ` նախ պետք է մանկավարժի վարկանիշը բարձրացնել, նրան աշխատելու արժանավայել պայմաններ ու աշխատավարձ ապահովել, իսկ մնացածը առանց վարքականոնների էլ տեղը կընկնի: Թե չէ ժողովրդական խոսքով ասած, ստացվում է` ամեն պարը պարել ենք, մնացել է Սարի սմբուլը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ է,ԿԳ նախարարը չգիտի,Դուք գիտեք?….