Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» զեկույցը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին

Հունվար 10,2019 17:10

Հունվարի 9-ին «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: «Ժողովրդավարության ինդեքս 2018․ Ես նույնպե՞ս. Քաղաքական մասնակցություն, ցույցեր և ժողովրդավարություն» վերնագիրը կրող զեկույցը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն աշխարհի 165 երկրներում և 2 անկախ տարածքային միավորներում ժողովրդավարության միտումները նախորդ տարվա ընթացքում։ Այս անգամ հետազոտությունը մանրամասն անդրադառնում է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին։

Բարելավում և անկում

Զեկույցը նշում է, որ անցյալ տարի Հայաստանում, Մակեդոնիայում, Էկվադորում, Հաիթիում եւ Թունիսում արձանագրվել է ժողովրդավարական զգալի բարելավում: Ընդ որում, ըստ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի», Հայաստանում, Մակեդոնիայում և էստոնիայում ժողովրդավարական գործընթացները դրական են անդրադարձել Արևելյան Եվրոպայի հավաքական ցուցանիշի վրա, թեև տարածաշրջանի 28 երկրներից 11-ը արձանագրել են ժողովրդավարության անկում։ Ավտորիտար միտումներ արձանագրած երկրների ցանկում են Ռուսաստանը և Վրաստանը։ Ընդ որում՝ Վրաստանը արձանագրել է տարածաշրջանի ամենակտրուկ անկումը. 2017 թվականի 5.93 ցուցանիշը անկում է ապրել՝ դառնալով 5․50։

 

Հայաստանի ցուցանիշը  

Ինչպես և անցյալ տարի, այս տարի էլ Հայաստանը դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին, սակայն 2017-ին ՀՀ-ն երկրների ցանկում զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը, իսկ այս տարի՝ 103-րդը (1-ին տեղում ամենաժողովրդավար երկիրն է, իսկ 165-րդում՝ ամենավտորիտար)։ Հայաստանին ցանկում նախորդում են Բոսնիա և Հերցոգովինան՝ 101-րդ տեղում և Հաիթին՝ 102-րդ հորիզոնականում, և հաջորդում են Բուրկինա Ֆասոն և Սիերա Լեոնեն։ Զեկույցի համաձայն՝ երկրներն, ըստ իրենց կառավարման համակարգի, դասակարգվում են չորս հիմնական խմբի․ «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր), «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր), «հիբրիդային ռեժիմներ» (4-6 միավոր) և «ավտորիտար ռեժիմներ» (4 և ցածր միավոր)։ Անցյալ տարի ևս Հայաստանը «հիբրիդային ռեժիմների» շարքում էր, սակայն անցյալ տարվա համանման զեկույցի համաձայն՝ ՀՀ ցուցանիշը 4․11 միավոր էր, իսկ այս տարի այդ միավորը բարելավվել է և դարձել 4․79։ Հիշեցնենք նաև, որ երկու տարի առաջ նույնանման՝ «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» զեկույցի համաձայն՝ Հայաստանը «ավտորիտար ռեժիմների» շարքում էր։

Հայաստանի հավաքական 4․79 ցուցանիշը ձևավորվում է մի շարք ենթացուցանիշների՝ ընտրական գործընթացների, կառավարության արդյունավետ գործունեության, քաղաքական մասնակցության, քաղաքական մշակույթի և քաղաքացիական ազատությունների ցուցանիշների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ 2017 թվականի ենթացուցանիշներից կայուն է մնացել միայն քաղաքացիական ազատությունների ցուցանիշը, մինչդեռ մյուս ենթացուցանիշները զգալիորեն բարելավվել են։

Հայաստանի ցուցանիշները՝ ըստ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» 2017 և 2018 թվականների զեկույցների

Տարի Տեղ Ընդհանուր

ցուցանիշ

Ընտրական գործընթացներ Կառավարության գործունեություն Քաղաքական մասնակցություն Քաղաքական մշակույթ Քաղաքացիական ազատություններ
2017 111 4․11 5․25 2․86 5․00 1․88 5․59
2018 103 4․79 5․67 4․64 5․56 2․50 5․59

Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասին

Զեկույցը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականը և Նիկոլ Փաշինյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնին, Երևանի ավագանու և ՀՀ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև հետագա հակակոռուպցիոն արշավը բարելավել է Հայաստանի կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Ըստ զեկույցի՝ այս գործընթացները նաև հանգեցրել են կառավարության և քաղաքական կուսակցությունների հանդեպ վստահության աճի։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031