Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդիկների դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Սասնա ծռերի» անդամը չի խորհրդակցել կուսակցության պատասխանատուների հետ. պարզաբանում

Հունվար 10,2019 16:19

Վերջին շրջանում էապես ակտիվացել են դեպի Հայաստան Հնդկաստանի քաղաքացիների և, առհասարակ՝ օտարերկրացիների միգրացիայի վերաբերյալ հանրային քննարկումները:

Հարկ ենք համարում շեշտել, որ ներկայումս Հայաստանում օտարերկրացիների առկայության և նրանց հետ կապված խնդիրները չունեն այնպիսի մասշտաբ և նշանակություն, որ անհրաժեշտ լիներ դրանք ներառել հայության և Հայաստանի ռազմավարական օրակարգում որպես կարևոր հարց:

Նախկին ռեժիմի մնացորդներից բաղկացած 5-րդ շարասյունը, մոռացության տալով այն հանգամանքը, որ պրոբլեմն ստեղծել է հենց նախկին ռեժիմը՝ նպատակ ունենալով իր օլիգարխիկ տնտեսության համար ապահովել էժան և իրավազուրկ աշխատուժ, վարպետորեն օգտվում է ասպարեզում հայտնված այս թեմայից և, ուռճացնելով այն, փորձում է հանրային դժգոհություն ձևավորել ներկայիս իշխանությունների նկատմամբ, պառակտել հասարակությանը և երկիրը տանել մեկուսացման՝ զուգահեռաբար ձգտելով մեզ շեղել ռազմավարական նշանակության հարցերից, որոնցից մեկն էլ իր չեզոքացումն է:

Զուգահեռաբար՝ նա թիրախավորում է նաև մեր Կուսակցությանը, քանի որ թեման արծարծողներից մեկն էլ մեր Կուսակցության անդամներից է, ով հանդես է եկել իր անձնական նախաձեռնությամբ՝ առանց Կուսակցության պատասխանատուների հետ խորհրդակցելու:

Այդուհանդերձ, քանի որ Հայաստանում օտարերկրացիների առկայության և նրանց հետ կապված խնդիրները դարձել են հանրային քննարկման առարկա, հարկ ենք համարում դրանց վերաբերյալ արտահայտել մեր հետևյալ պաշտոնական տեսակետները:

Ցավալիորեն պետք է նշել, որ քննարկվող խնդիրների վերաբերյալ շրջանառվող տեսակետների մեջ առկա են նաև հակադիր բևեռներ ներկայացնող ծայրահեղ դրսևորումներ, որոնք վնասակարության իմաստով ըստ էության նույնանում են:

Այդ ծայրահեղ դրսևորումներից մեկը պահանջում է Հայաստանի դռներն ընդհանրապես փակել օտարերկրացիների առաջ, իսկ մյուսը՝ Հայաստանը դարձնել բացարձակ բաց երկիր միգրացիոն հոսքերի համար:

Երկու տեսակետների կողմնակիցներին էլ հորդորում ենք ձեռնպահ մնալ ծայրահեղություններից, որոնք մի դեպքում ենթադրում են այլատյացություն և մեկուսացում, իսկ մյուս դեպքում՝ ազգայինի ու պետականության մերժում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության համոզմամբ՝ Հայաստանի միգրացիոն ռազմավարությունը պետք է հիմնված լինի միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա:

Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է մշակի և իրագործի արդյունավետ կերպով վերահսկվող միգրացիոն քաղաքականություն, որը կապահովի թե արտերկրում բնակվող հայության մեծ հայրենադարձություն և թե օտարերկրյա պետությունների հետ տուրիզմի, գործարար ու մշակութային կապերի զարգացում և գիտակրթատեխնոլոգիական փոխանակում, ինչպես նաև օտարերկրյա որակյալ աշխատուժի ներգրավում:

Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է ըստ ամենայնի նպաստի հատկապես Իրանի և Հնդկաստանի հետ մեր ռազմավարական համագործակցության զարգացմանը, ուստի պետք է իսպառ զերծ լինի կրոնական, էթնիկ կամ մշակութային, մասնավորապես՝ իսլամի հետ կապված, տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականության, առավել ևս՝ ատելության, դրսևորումներից:

Ինչ վերաբերվում է նախկին ռեժիմի որոշմամբ օլիգարխիկ-շահադիտական նկատառումներով Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվող մուտքի արտոնագրի դյուրացված կարգի հարցին, ապա այն պետք է լուծվի վերը նշված ռազմավարությանը համապատասխան: Հայաստանը եղբայրական Հնդկաստանին պետք է ներկայացնի հարցի բարդությունն ու պրոբլեմի ծագման իրական պատմությունը և, փոխըմբռնման հասնելով նրա հետ՝ սահմանի Հնդկաստանից դեպի Հայաստան վերահսկելի միգրացիա և Հնդկաստանի քաղաքացիների իրավունքները երաշխավորող կարգ:

Միայն այսպիսի հավասարակշռված մոտեցումը կարող է ապահովել հայության և Հայաստանի առջև ծառացած հիմնական՝ արդիական ազգային ինքնության ու պետականության ձևավորման, խնդրի լուծումը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Լուսանկարում՝ հնդիկների դեմ ստորագրահավաքի նախաձեռնող Սարգիս Տեր-Եսայանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031