ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակիչը, 2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ իր մոտ եղած խաղալիք դանակի գործադրմամբ դեղատան աշխատակցի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար և հափշտակելով 157.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ արարքը վերաորակվել է և 36 ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին