«Ես հոգեւոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի՝ հպարտ կլինեի, եւ չէի էլ թաքցնի»,-լրագրողների հետ զրույցում այսօր մեկնաբանելով տեղեկությունները, թե ինքը թաքցնում է հոգեւոր ճեմարանում սովորած լինելու հանգամանքը, ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Նա պարզաբանեց. «Առիթ եմ ունեցել աշխատելու Անթիլիասում, որտեղի կաթողիկոսության հրավերով եմ կանոնակարգել իրենց արխիվը: ՀՀ ազգային արխիվի այլ մասնագետների հետ եմ գործուղվել այդտեղ»:
Ինչ վերաբերում է հոգեւորականի հագուստով լուսանկարին, Միրզոյանը նշեց. «Դպրեվանք այցի ժամանակ առիթ է եղել հանդերձանքը փորձել»:
Ապա Արարատ Միրզոյանը հեգնեց, որ երկու օր սոցցանցում չէր հայտնվել, իսկ հայտնվելուց հետո պարզել է, որ ինքը ոչ միայն հոգեւորական է եղել, այլեւ՝ զրահապատ մեքենա, անգամ՝ դղյակ ունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ