Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի (լուսանկարում) առաջ բացվել են ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով եւ ներկայությամբ:
Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Aravot.am-ը փորձեց նրա հետ կապվել հեռախոսով, սակայն տիկին Կարապետյանի երկու հեռախոսահամարներն էլ անջատված էին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2018թ դեկտեմբերի 28-ին եւ պայմանագիրը չի թարմացվել:
Aravot.am-ը կապվեց նաեւ նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի հետ, որն աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դասավանդում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում եւ դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք հաջողվե՞լ է հանդիպել ու ծանոթանալ թատրոնի դերասանների եւ ընդհանրապես աշխատակազմի հետ:
«Այսօր առավոտյան ժամը 10-ին ինձ զանգահարեցին նախարարությունից, ասացին, որ դերասանները հավաքվել են ու սպասում են ինձ: Ես գնացի թատրոն, մի 5-6 հոգի իսկապես սպասում էին, նրանք թատրոնի դերասաններ ներկայացան: Բայց քանի որ ես չունեմ ոչ մի տեղեկություն այս թատրոնի մասին, որովհետեւ հաշվապահի եւ վարչական ոչ մի մարմնի հետ չեմ հանդիպել, ճիշտն ասած չգիտեմ` իրենք իսկապե՞ս հաստիքով դերասաններ են, թե՝ ոչ: Մի խոսքով, մեր հանդիպումը կայացավ, բայց շատ տարօրինակ ձեւերով»,-ասաց Լիլիթ Փալանջյանը:
Նրանից հետաքրքրվեցինք` նախկին տնօրենից տեղեկություններ ունի՞, կարողացե՞լ են Գայանե Կարապետյանի հետ կապվել:
«Ես իր հետ այսօր եմ ծանոթացել, viber-ով իր դերասաններից մեկի հետ էր զրուցում, մենք ծանոթացանք viber-ով: Տեղեկությունս այդքան է: Ինքն ասաց, որ այս պահին ԱՄՆ-ում է եւ շատ շուտով Երեւանում կլինի», -ասաց նորանշանակ տնօրենը:
Ինչ վերաբերում է ծրագրերին, նշեց, որ առայժմ դրանց մասին չի ցանկանում խոսել. «Ծրագրերը կան, ներկայացվել են, ըստ դրանց էլ երեւի մշակույթի նախարարությունն ընտրություն է կատարել: Բայց եկեք առայժմ այդ մասին չխոսեմ, հասկանամ, թե ինչ է կատարվելու, ըստ դրա մնացածը կերեւա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Լիլիթ Փալանջյանի ֆեյսբուքյան էջից: