«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անտրամաբանական է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի քվոտան պետք է բաժին հասնի խորհրդարան անցած երկրորդ ուժին՝ ԲՀԿ-ին: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է նոր ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարի ընտրությանը, Մարուքյանը նշեց՝ ենթադրվում է, որ ինքն է ղեկավարելու ԼՀԿ-ն, իսկ խմբակցության քարտուղարի հարցը դեռ քննարկելու են կուսակցության ներսում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ԲՀԿ-ի հետ դեռ հակասություններ ու տարաձայնություններ կա՞ն»: Մարուքյանը պատասխանեց. «Պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցել՝ հանուն մեր տեսլականի եւ ՀՀ-ի զարգացման: Ավելի վեհ արժեքներ կան, քան տարաձայնությունները»:
Իսկ թե ինչպիսին են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները, եւ հայտնի հեռուստաբանավեճից հետո հանդիպել են, թե ոչ, Մարուքյանը տեղեկացրեց. «Ոչ, չենք հանդիպել, հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին եղել են միշտ»:
Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ ԲՀԿ-ի կողմից իրենց հասցեին եղել է հակաքարոզչություն, եւ եթե այն կրկնվի, իրենք կպատասխանեն:
Հիշեցնենք՝ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր, որ ԱԺ նախորդ ընտրություններում պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ