«Դատավորն ինքնաբացարկ է հայտնել, հիմնավորումները հայտնի չեն»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Պաշտպանի տեղեկացմամբ՝ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցով դատարանը որոշումը կհայտնի այսօրվա ավարտին:
Արամ Օրբելյանն ասաց. «Իմ կարծիքով՝ արդարադատությունից խուսափելու մասին է խոսքը: Որևէ նոր բան, ինչը երեկ հնչեց, չկար: Այն բոլոր հանգամանքները, ինչ երեկ հնչեցվել են, հայտնի էին դատարանին: Եթե դատարանը գտնում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իրեն, կարող էր ամսի 26-ին կամ 28-ին ինքնաբացարկ հայտնել»:
Հարցին՝ սա միտումնավո՞ր է կատարվում, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ակնհայտորեն տեսնում ենք արդարադատության իրականացումից խուսափելու դեպք, երբ դատարանը ստացել էր միջնորդություն, վարույթի ընդունում, քննությունը գնում է վերջին աշխատանքային օրը, դրանից հետո ինքնաբացարկ հայտնելու ցանկության պատրվակով մինչև ամսի 9-ը ձգում են, բայց որևէ նոր հանգամանք չկա: Նույնիսկ կարող է լինել ինքնաբացարկի որոշակի հիմքեր, բայց եթե դա կարող է առաջացնել բացասական հանգամանքներ, ապա դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել, այլ գործը շարունակել»:
Արամ Օրբելյանը տեղեկացրեց՝ գործը պետք է վերամակագրվի, և հույս ունի, որ այսօր կամ վաղը դա կլինի:
Արամ Օրբելյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չէր մասնակցում:
Նա տեղեկացրեց՝ ՍԴ դատարան դիմելու բողոքը վերջնականացման փուլում է, մեկ բողոք վաղը մուտք կարվի, մեկ ուրիշն էլ մի քանի օրից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ