Գազի գնի առնչությամբ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, հարցը փակ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Քննարկելու տարբերակներ կան: Կառավարությունն ակտիվ աշխատում է ռուս գործընկերների հետ»,-հայտնեց նա:
Հիշեցնենք, որ ռուսական գազի սակագինը ՀՀ-ի համար բարձրացել է, սակայն սպառողների համար առայժմ մնացել է նույնը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Գազպրոմ Արմենիա»-ն պատրա՞ստ է զիջումների գնալ, որպեսզի սպառողների համար գինն առաջիկայում էլ պահպանվի»: Միրզոյանը նշեց. «Տարբեր սցենարներ կան քննարկելու, իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, այս պահին չեմ կարող ասել: Բանակցությունները տարբեր ելքեր կարող են ունենալ»:
Հարցին՝ «հնարավո՞ր է՝ գազի սակագնի իջեցում լինի», Արարատ Միրզոյանն այսպես պատասխանեց. «Կրկնում եմ՝ կան հետաքրքիր զարգացումների հնարավորություններ, որոնք քննարկվում են ռուս գործընկերների հետ: Անում ենք հնարավորը, որպեսզի ՀՀ քաղաքացու համար լինեն լավագույն պայմանները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ