Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կովկասյան հովազն արձագանքել է մեր որոշմանը»

Հունվար 10,2019 14:46

«Երեկ լուրերի թողարկումից իմացա, որ կովկասյան հովազը արձագանքել է այս տարին իր անվամբ կոչելու մեր որոշմանը»,-այսօր կառավարության նիստի օրակարգը սպառվելուց հետո ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա այս խոսքերը հարուցեցին նիստի մասնակիցների ծիծաղը: «Արձագանքել է մեր որոշմանը եւ ընկել է թակարդը՝ տեսախցիկ-թակարդը»,-շարունակեց Փաշինյանը: Նա դիմելով բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին, ասաց, որ իմացել է՝ կովկասյան հովազի վերաբերյալ կա մի առանձնահատուկ ծրագիր:

Գրիգորյանը ներկայացրեց թե դա ինչ է՝ ԱՄԷ-ի նախարարների հետ հուշագիր են ստորագրելու. այդ երկիրը կենդանիների բազմացման լավ փորձ ունի: Գրիգորյանն ասաց, որ այդ ծրագիրը վերաբերում է կովկասյան ընձառյուծի բազմացմանը:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճշգրիտ անունը կովկասյան ընձառյո՞ւծ է, թե՞ հովազ: Նախարարի պաշտոնակատարն ասաց՝ «Պատմականորեն հովազ է, բայց տարբեր անուններ կան՝ կովկասյան, առաջավոր ասիական, պարսկական»:

«Հայկական չկա՞»,-հարցրեց Փաշինյանը:

«Կա հայկական մուֆլոն»,-պատասխանեց Գրիգորյանը: Ու կառավարության անդամները կրկին լիաթոք ծիծաղեցին:

Հետո Փաշինյանն անդրադարձավ որսագողությանը, նշելով նաեւ Սեւանա լճում որսագողությունը, նկատելով՝ ամենուրեք ազատ սիգ է վաճառվում. «Ահազանգ եմ ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների, Սեւանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի վիճակ է, է՛լ չեմ ասում, որ լուրերով ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սեւանի սիգ։ Այս հարցի հետ կապված քանի անգամ քննարկում ենք ունեցել, սակայն էստեղ մենք պետք է մտածենք խնդրի երկարաժամկետ լուծման մասին»:

Փաշինյանն ասաց, որ զեկուցագիր է ստացել, որտեղ նշված է մի շարք գերատեսչությունների թերացումների մասին, այդ թվում բնապահպանության նախարարության, ոստիկանության եւ «Սեւան» ազգային պարկի։

Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ իրենք էլ են ահազանգեր ստանում, կան հարուցված քրեական գործեր: Ապա Գրիգորյանը քաղաքացիներին կոչ արեց ապօրինի որսագողության դեպքերով ահազանգել:

«Ես ահազանգում եմ այդ թեմայով»,-ասաց Փաշինյանը: Նրա այս խոսքերը կրկին ծիծաղ առաջացրեցին կառավարության անդամների մոտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031