Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այսօր տեղի է ունենալու պատգամավորների մանդատների բաշխման արարողությունը և հույս հայտնել, որ ԱԺ պատգամավորի մանդատ ստացող կառավարության անդամները կնպաստեն գործադիրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: «Մեր գործընկերներից երեքն այսօր ստանալու են ԱԺ պատգամավորի մանդատ: Խոսքն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի մասին է: Հետևաբար, նրանք հետագայում աշխատելու են ԱԺ-ում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին կառավարությունում համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ ԱԺ-ում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանն առնվազն նույնքան կնպաստեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստում է տրվել փոխել կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատել նախարարությունների թիվը, և կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով: «Այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել: Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ կառավարությունում տեղի են ունեցել քննարկումներ, որոնք դեռ կշարունակվեն:
«Համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները՝ հնարավոր կոնֆիգուրացիաների վերաբերյալ և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության մասին խոսակցություններին և մտահոգություններին: «Ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ Սփյուռքի նախարարության պարագային, որովհետև կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով, մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Կրկին ասում եմ, որ այստեղ մեր խնդիրը հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, որպեսզի փոխադարձաբար գոհ լինենք ինչպես ընթացքից, այնպես էլ արձանագրված արդյունքներից: Մենք, իհարկե, կգնանք հետևողական, հաստատուն և մտածված քայլերով: Համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և, իհարկե, պետք է գոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանում պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով և այն համարում են իրենց լուծելիք խնդիրը»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:
Կկանոնակարգվի որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման գործընթացը
Կառավարությունը հաստատել է տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ: Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում: Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության և այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որդեգրման ընթացակարգին, այդ ուղղությամբ տարվող քաղաքականությանը և նշել, որ վերջին շրջանում նամակներ է ստանում այն մասին, որ որդեգրման գործընթացի պրոցեսում կան արհեստական խոչընդոտներ և գոյություն ունի իրավաբանական մեծ քաշքշուկ: «Իհարկե, հարցը նուրբ է, բայց մեր քաղաքականությունն ի՞նչպիսին է, մենք ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ ուզում ենք արգելակել: Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են և կուզենային երեխաներ որդեգրել: Չե՞ք կարծում, որ մենք, իհարկե, ապահովելով համակողմանիորեն երեխաների շահերն ու երաշխիքները, պետք է այս առումով աշխատենք առավել նպաստող քաղաքականություն վարել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ իրենք համագործակցում են սոցիալական ծառայությունների հետ: «Այս ոլորտը կարգավորող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան: Մենք պետք է առաջնորդվենք շահերի հավասարակշռման իրավունքների ապահովման սկզբունքով: Այս ոլորտում եղել են կասկածներ, որ որդեգրումն իրականացվում է երեխաների շահերի խախտմամբ: Մենք կատարել ենք հետազոտություններ, մշտապես այցելում ենք արտասահմանում որդեգրված երեխաներին, տեղում ծանոթանում ենք պահման պայմաններին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ևս մեկ անգամ կվերանայեն գործող ընթացակարգերի արդյունավետությունը և մատչելիությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է տեղեկանք ներկայացնել արտասահմանում որդեգրված երեխաների կեցության վերաբերյալ:
Ի պատասխան վարչապետի պաշտոնակատարի հարցին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն էլ մանրամասներ է ներկայացրել մանկատան շրջանավարտների համար մինչ այժմ իրականացված ծրագրերի և առկա խնդիրների մասին:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է նաև մանկատան երեխաների համար որակյալ կրթության ապահովումը: «Պատշաճ կրթություն ապահովելն ավելի կարևոր է, քան ցանկացած որևէ այլ նյութական միջոցով ապահովելը: Չնայած ես չեմ նսեմացնում նյութական միջոցով ապահովելը, բայց մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի, որ այդ մարդիկ պատշաճ կրթություն ստանան, և կրթական հարցում նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ լինի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին քննարկել հարցը՝ ոլորտում առկա խնդիրները հասկանալու և նոր լուծումներ առաջարկելու համար:
Աշխատանքներ են տարվում ինժեներական քաղաքի ստեղծման ուղղությամբ
Կառավարության որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: Գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Համապատասխան որոշմամբ սահմանվում են դրույթներ նվիրատվությունը ընդունելու, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գրանցելու և ինժեներական քաղաքի ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերությամբ տարածքներ տրամադրելու մասին։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվիրաբերությամբ տարածքները տրամադրվելու են համապատասխան պայմանագրային հիմունքներով, որտեղ սահմանվելու է հողատարածքի հետագա տնօրինման և տիրապետման առանձնահատկությունները: Հողի սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրաբերության գործարքի եղանակը, քանի որ այն հնարավորություն է տալիս պետությանը տվյալ գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում դադարեցնել սեփականության իրավունքը և վերադարձնել այն։
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026 թթ. միջուցառումների ծրագիրն ու գործողությունների պլան-ժամանակացույցը: Ռազմավարությամբ նախատեսվում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը: ՀՀ-ում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում ռադիոակտիվ թափոնների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը հանդիսանում է ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը:
Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում կտնտեսվի 29569.4 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17 հաստիքային միավոր ունեցող կենտրոնին:
Նիստի ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են իրականացվելու Հայաստանում՝ Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծի պահպանման ուղղությամբ:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր: «Որոշ կենդանատեսակներ կան, որոնք վերացման եզրին են եղել, և ԱՄԷ-ի մեր գործընկերները մեծ ծրագրեր են իրականացրել: Վերականգնողական ծրագրից բացի, կարևոր է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում ստեղծենք բավարար պայմաններ: Կովկասյան ընձառյուծի առկայությունը նշանակում է, որ մեզ մոտ ձևավորված է բավարար էկոհամակարգ»,- ասել է Էրիկ Գրիգորյանը:
Դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապօրինի որսը պետք է ընդհանրապես բացառվի: «Գիտեմ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առաձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սևանի սիգի որսին և նշել, որ այդ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է և պետք է մտածել խնդրի երկարաժամկետ լուծման մասին: Վարչապետի պաշտոնակատարը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարել է Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ