Նոր Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքը փոխնախագահներից մեկի պաշտոնում առաջադրելու է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Եթե ԱԺ-ն «կողմ» քվեարկի, կլինեմ փոխնախագահ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Ալեն Սիմոնյանը: «Հարցը քննարկվել է ներսում, մեկ ձեռնպահ է եղել, մնացածը՝ կողմ»,-տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմությանը հասանելիք քվոտան տալ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, լրագրողները ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ «ԼՀԿ-ն համաձա՞յն» է: «Կդժվարանամ ասել»,-պատասխանեց նա:
Հիշեցնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասանելիք քվոտան կստանա խորհրդարան անցած երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն: «ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ վերջին օրերին եղել են ակտիվ քաղաքական զրույցներ: Շատ հարցեր ուրվագծված են, պայմանավորվածությունները՝ ձեռք բերված»,-ասաց Միրզոյանը:
Նա նաեւ նշեց՝ ենթադրվում է, որ իրենց խմբակցությունում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի քվեարկության ժամանակ միասնական մոտեցում է լինելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ