Որպես հանրային շահի պաշտպանությամբ ու բնության պահպանությամբ զբաղվող քաղաքացիական խումբ Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) մշտապես հարցումներ ու գրություններ է ուղարկում տարբեր պետական և ոչ պետական կառույցներ, փնտրում ու ստանում հանրային գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, այնուհետև վերլուծում ու հրապարակում այն։
21-րդ դարի հնարավորություններին համընթաց՝ բացի առձեռն հանձնվող թղթային գրագրությունից, մենք օգտվում ենք նաև ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման համակարգերից՝ մասնավորապես հարցումների ու նամակների համար նախատեսված e-request.am պաշտոնական ինտերնետային հարթակից, ինչպես նաև գրություններ ուղարկում պետական պաշտոնյաների էլեկտրոնային հասցեներին։ Այս հարթակի միջոցով մեր նախաձեռնության անդամները հարցումներ են ուղարկում տարբեր պետական մարմիններին ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ, այնպես էլ՝ առանց դրա, և միայն որոշ բացառություններով անխտիր ստանում են պատասխաններ։
Ցավալիորեն բացառություն է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը բնապահպանության հարցերում կարծես իրեն դիրքավորել է բնապահպաններին հակառակ բարիկադներում ու պատերազմ է մղում հենց բնապահպանների դեմ։ Այն դեպքում, երբ պետական մարմինները, համաձայն ՀՀ սահմանադրության և իրավունքի նորմերի պարտավոր են դրսևորել բացարձակ հաշվետվողականություն հանրության առջև, ինչպես նաև աջակցել հանրության տարբեր խմբերին լուծելու տարբեր խնդիրներ։ Նախարարությունը ոչ միայն թաքցնում է հանրայնորեն կարևոր տեղեկատվությունը, այլև դրա հրապարակման պահանջի դեպքում հրաժարվում հրապարակելուց ու դրան հավելում վարկաբեկիչ որակումներ պահանջը ներկայացնողներին, տվյալ դեպքում՝ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությանը։
2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածել էր տեղեկություններ տրամադրելուց խուսափելու հերթական «պարզաբանումը», որը ոչ ավել, ոչ պակաս՝ վերնագրել էր՝ «Պարզաբանում` ապատեղեկատվության վերաբերյալ»։ Ցանկություն չկար մեկ անգամ ևս անդրադառնալ այս թեմային, սակայն պարզաբանման մեջ հնչեցրած որակումներն անպատասխան թողնել նույնպես չէինք կարող։
Այդ պարզաբանման մեջ մասնավորապես նշված է․ «Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կրկին հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությունը խեղաթյուրող հայտարարությամբ, որի համաձայն, բնապահպանության նախարարությունն, իբր, չի պատասխանել իրենց հարցումներին։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնում ենք, որ Հայկական բնապահպանական ճակատից հոկտեմբերի 29-ին և 31-ին ստացել ենք 3 գրություն, ու, թեև գրությունները չեն համապատասխանել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին՝ չեն եղել ստորագրված, նախարարությունը, այնուամենայնիվ, պատասխանել է դրանց»։
Այո, հոկտեմբերի 29-ին և 31-ին մենք երեք հարցում ենք ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ երկուսը 29-ին, իսկ մեկը՝ 31-ին։ Դրանք բոլորն էլ ուղարկված են եղել նույն եղանակով, նույն https://www.e-request.am/hy/e-letter կայքից՝ նույնականացման քարտն ընթերցող սարքով համակարգչին միացված վիճակով։ Բնապահպանության նախարարությունը որոշել էր այդ երեք հարցումներին պատասխանել ընդամենը մեկ նամակով, որտեղ նշված է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել են իրենց պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով. http://mnp.am/am/pages/66: Ուսումնասիրելով այն՝ մենք պարզել էինք, որ այդ հղման մեջ կան որոշ տեղեկություններ մեր երկու գրությունների հարցադրումների վերաբերյալ, բայց ընդհանրապես չկա որևէ տեղեկություն հոկտեմբերի 29-ի գրություններից կոնկրետ այս մեկի մեջ ներկայացված հարցադրումների մասին։
Հայկական բնապահպանական ճակատը հրապարակեց երկու հոդված («Բնապահպանության նախարարը թաքցնում է կարևոր տեղեկությունները հանրությունից և որդեգրել է ոչ թափանցիկ գործելաոճ» և «Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին»), որոնցում հստակորեն նշել էր, որ տեղեկատվության իր պահանջների անտեսումը բնապահպանության նախարարության կողմից վերաբերել է բացառապես վերոնշյալ մեկ գրությանը և որ նախարարությունը չի պատասխանել կոնկրետ այնտեղ եղած հարցադրումներին, այլ ոչ թե՝ բոլոր երեք հարցումներին։ Բնականաբար մենք բարձրաձայնել ենք նաև այն հարցը, թե ինչու է տարբերակված վերաբերմունք ստացել նույն եղանակով ուղարկված երեք հարցումներից հենց այս մեկը՝ հետագա բազմաթիվ հիշեցումներից հետո այդպես էլ մնալով անպատասխան։ Եվ ի վերջո, եթե նախարարությունում որոշել էին չպատասխանել մեր երեք հարցումներից հենց այս մեկին և դրա մեջ բարձրացված հարցադրումներին, ապա իրենց միակ պատասխան նամակում կարող էին մեկ նախադասությամբ նշել դրա մասին, այլ ոչ թե ընդհանրապես անուշադրության մատնել այն ու հետո էլ սկսել վրդովվել և անհիմն որակումներ տալ մեր հոդվածներում բերված փաստերին։ Իսկ եթե՞ խնդիրը ստորագրված կամ չստորագրված լինելն էր, ապա երեք գրություններն էլ ուղարկվել են նույն կերպ։ Եթե նույնիսկ ստորագրված չեն եղել, Նախարարությունն առնվազն կարող էր տեղեկացնել, որ էլեկտրոնային ստորագրությունը պակասում է, և մենք կշտկեինք հնարավոր տեխնիկական վրիպակը։
Նախարարության նույն պարզաբանման մեջ նաև ասվում է․
«Միևնույն ժամանակ ուզում ենք նշել, որ փորձագետը, որի մասին խոսվում է ՀԲՃ հայտարարության մեջ, նախարարին ուղարկել է ոչ ֆորմալ նամակ, որը հարցում կամ հրապարակում չի ենթադրել և չի պարունակել որևէ նոր եզրակացություն։ Փորձագետի կողմից ուղարկվել է նամակ, որը եղել է սեպտեմբերին Երևանում կայացած իր ասուլիսի համառոտագիրը։ Ուստի, անհասկանալի է, թե ՀԲՃ-ն ի՞նչ պահանջներ է ներկայացնում։ Նախախարի պարտականությունը չէ հանրայնացնել այն բոլոր նամակները, որոնք ստանում է։ ՀԲՃ պահանջը՝ հանրայնացնելու նախարարին ուղղվող նամակները, դուրս է տրամաբանության սահմաններից, ավելին, հակասում է էթիկական նորմերին»։
Բնապահպաններին հակադրվելու և հաշտետվողականությունից խուսափելու խնդիրը ցցուն է դառնում մանրուքները նկատելիս ու հստակեցնելիս։ Առաջին հերթին պետք է նշել, որ նախարարին ուղարկված «ոչ ֆորմալ» նամակին կցված է եղել միջազգային երկու փորձագետներ Էնն Մաեսթի և Անդրե Սոբոլևսկու (այլ ոչ թե մեկ փորձագետի, ինչպես գրում է նախարարությունը) կողմից ստորագրված տաս էջանոց անգլերեն հաշվետվությունը, որն ամենևին «սեպտեմբերին Երևանում կայացած իր ասուլիսի համառոտագիրը» չէ, մանավանդ, որ սեպտեմբեր ամսին ոչ մի ասուլիս չէր կարող լինել Երևանում այն պարզ պատճառով, որ փորձագետները Հայաստանում են եղել միայն հունիս ամսին և հունիսի 23-ին անցկացրել են իրենց այցելության եզրափակիչ ասուլիսը։
Իսկ արդեն սեպտեմբեր ամսին նրանց կողմից նախարարին էլեկտրոնային փոստով ուղարկված վերոնշյալ հաշվետվությունը վերնագրված է այսպես՝ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԵՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ» և ամփոփում է երկու գիտնականների դիտարկումներն ու ներկայացնում առկա հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Ամուլսարի ոսկու նախագծին և ջրային պաշարների էկոլոգիական պաշտպանության բարելավման մասին ՀՀ Կառավարությանն ուղղված առաջարկություններին։ Հաշվետվության հեղինակներ դր. Անդրե Սոբոլևսկին և դր. Էնն Մաեսթը ընդգրկված են եղել գիտնականների 4 հոգանոց աշխատանքային թիմում, որը վերջին երկու տարվա ընթացքում իրականացրել է Ամուլսարի ոսկու նախագծի անկախ տեխնիկական գնահատումը: Նրանց հեղինակած մոտ երկու տասնյակ հաշվետվությունները և հուշագրությունները հասանելի են համացանցում հետևյալ հղումով։
Զարմանք է առաջացնում նախարարության անհագ ցանկությունը ներկայացնել, թե նախարարին նամակ է գրել մեկ փորձագետ, և այդ նամակում ոչ մի նոր բան չկա, ինչն արժանի կլիներ ՀՀ քաղաքացիների և կառավարության այլ անդամների ուշադրությանը։ Ստացվում է, որ նախարարը միանձնյա և կամայական որոշում է կայացնում, թե իրեն հասանելի ո՛ր տեղեկություններն ու հաշվետվություններն իմաստ ունի հրապարակել, իսկ որոնք՝ ոչ, մոռանալով, որ վերոնշյալ հաշվետվությունը վերաբերում է հանրության համար շատ կարևոր բնապահպանական թեմա հանդիսացող Ամուլսարի ոսկու նախագծին և ընդհանրապես Հայաստանի բնական միջավայրի վիճակին։
Առավել ևս անհասկանալի է ինչ-որ էթիկական նորմերին հակասելու մասին հիշատակումը, քանի որ նախարարի ստացած նամակն ու կից հաշվետվությունն ընդհանրապես անձնական հարցերին չեն վերաբերում և անմիջական առնչություն ունեն մեր պետության և ՀՀ քաղաքացիների էկոլոգիական անվտանգության հարցերին։ ՀԲՃ-ն հայաստանյան մասնագետների աջակցությամբ թարգմանել է վերոնշյալ հաշվետվությունը հայերեն, որին ծանոթանալուց հետո բոլորը կարող են ինքնուրույն որոշել, թե որքանո՞վ է ճիշտ վարվել նախարար Էրիկ Գրիգորյանը՝ երեք ամիս շարունակ հանրությունից և պետական ու իրավապահ մարմիններից գաղտնի պահելով այս տեղեկությունները։ Հատկանշական է, որ հաշվետվության ամփոփման մեջ փորձագետները բառացի գրել են հետևյալը․ «Մենք գնահատում էինք Ամուլսարի նախագծի պոտենցիալ բնապահպանական ռիսկերը ավելի քան մեկ տարվա ընթացքում: Հուսով ենք, որ մեր աշխատանքը օգտակար է Հայաստանի կառավարության համար»։
Նաև ցանկանում ենք ավելացնել, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ 2018թ․-ի հունվարի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջը բանավոր ներկայացրել է Ամուլսարում ապարների թթվային դրենաժի ներուժի և կառավարման իրենց նոր մեթոդների մասին կարևոր փաստեր, որոնք ներկայացված չեն եղել 2016 թվականին նախարարության կողմից դրական եզրակացություն ստացած փաստաթղթերում։ Այդ հանդիպմանը մասնակցել է նաև ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Մենք հարցում էինք ուղարկել նախարարությանը այդ հանդիպման արձանագրությունը մեզ տրամադրելու խնդրանքով, սակայն նախարարության պատասխան նամակից պարզվում է, որ հանդիպումն արձանագրված չի եղել, քանի որ փորձագետների հետ նախնական պայմանավորվածության համաձայն այն հրապարակային չէր։ Ստացվում է, որ Ամուլսարի նախագծի հետ կապված նոր էկոլոգիական հանգամանքները, բնական միջավայրին և մարդկանց առողջությանը վերաբերող տեղեկություններն ուղղակի թաքցվում են։
Կոչ ենք անում ՀՀ բնապահպանության նախարարին փոխել աշխատելու ոճն ու հանրային հաղորդակցման շեշտադրումները, զերծ մնալ անհիմն որակումներից և իրականությունը խեղաթյուրելու փորձերից, չդիրքավորվել բնապահպանությամբ շահագրգիռ անձանց դեմ, սկսել աշխատել բաց, թափանցիկ՝ հնարավորինս օգտագործելով հանրության ակտիվ և մտահոգ շերտերի մասնակցությունը բնության պաշտպանության ընդհանուր գործին։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կամավորներն ինչպես միշտ շարունակելու են պաշտպանել բնությունն ու հանրային շահը։
Հ․Գ․ Նշենք, որ միջազգային չորս փորձագետների այս և մնացած մեկ տասնյակից ավել հաշվետվությունները մենք ներկայացրել ենք նաև ՀՀ քննչական կոմիտե, որտեղ դեռ հուլիս ամսին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Խնդրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն փաստացի տվյակներ և տեղեկություններ Ամուլսարի ոսկու նախագծի վտանգների մասին՝ դրանք փոխանցել կամ հաղորդել ՀՀ քննչական կոմիտեին՝ կապվելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգելով 011 880 156 հեռախոսահամարին։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն