Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունը, այսպես ասած, ռուսամետ է, ընդդիմությունը պետք է արևմտամետ լինի, կամ հակառակը. «Ժամանակ»

Հունվար 10,2019 12:05

Հայաստանում կա, թերևս, մի տարածված առանձնահատկություն և չգրված, չբարձրաձայնված մի թյուրըմբռնում, երբ քաղաքական համակարգի ընդդիմադիր տիրույթը զբաղեցնող ուժերը իրենց գործունեության բովանդակությունն ու թիրախային ուղղությունները հիմնականում կենտրոնացնում են դեպի ներս, արտաքին քաղաքականության պարագայում իրենց վերապահելով գերազանցապես պասիվ դիրք, լավագույն դեպքում արձագանքելով տեղի ունեցողին և գնահատելով իշխանության այս կամ այն քայլը: Ինչու, կամ ինչից է ձևավորվել այս չգրված ու չբարձրաձայնված, սակայն, կարծես թե, կանոն դարձած իրողությունը, հնարավոր է քննարկել, թեև հազիվ թե ունենա իմաստ:

Ի վերջո՝ անկասկած է, որ ինչպես առանց մրցակցության չի կարող արդյունավետ և դինամիկ զարգանալ ներքին քաղաքականությունը, նույն կերպ էլ առանց մրցակցության զարգանալ չի կարող արտաքին քաղաքականությունը: Ընդ որում, այստեղ սովորաբար մրցակցություն ասվածը դիտարկվում է ուղղակի հայելային հակապատկերի ձևով, այսինքն՝ եթե իշխանությունը, այսպես ասած, ռուսամետ է, ընդդիմությունը պետք է արևմտամետ լինի, կամ հակառակը: Կամ բոլորովին այլ հայելապատկերային տրամաբանությամբ, սակայն անպայման հակառակության սկզբունքի վրա: Իրականում դա թյուրիմացության բաղադրիչներից մեկն է:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ Հայաստանի քաղաքական համակարգի, այսպես ասած, արտաքին մասնաբաժնում առկա մրցակցության արևմտամետ-ռուսամետ մոդելը ինքնին բավականին նեղ, պարզունակ ու սահմանափակ է ժամանակակից միջազգային իրողությունների և դինամիկ զարգացումների պայմաններում քաղաքական ճկունություն ապահովելու համար: Դրանք Հայաստանում ենթադրում են նախաձեռնությունների ու գաղափարների բազմազանության վրա հիմնված մրցակցություն, ոչ թե մետությունների: Որովհետև, այդ գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են ենթադրել օրակարգային և ռազմավարական հարցեր, որոնք միտված են տարբեր բևեռների հետաքրքրությունների համադրման:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031