Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու եւ ոչ մերժումը հիմնավորելու համար»

Հունվար 10,2019 12:16

2018 թվականի «Սեւ ցուցակը»

Այս գերատեսչությունները 2018 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ տեղեկություն ստանալու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» կազմակերպության հարցումներին։

1. ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան

– 2018 թ. մայիսի 23-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմն անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանն անհիմն է, քանի որ թեեւ կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։

– 2018 թ. սեպտեմբերի 14-ին «Yerkir.am» առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը եւ ինչու է վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակո՞ւմ է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը:

– 2018 թ. սեպտեմբերի 26-ին «Մեդիամաքս» առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում եւ ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան:

2. ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար Դավիթ Տոնոյան

– 2018 թ. մայիսի 23-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունն անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետեւ 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու եւ ոչ մերժումը հիմնավորելու համար:

– 2018թ. մայիսի 23-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը:

Նախարարության պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետեւ 3 օր անց մերժել։ «ՏԱ մասին» օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու եւ ոչ մերժումը հիմնավորելու համար:

– 2018թ. սեպտեմբերի 9-ին ԻԱԿ-ը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 եւ 2018թթ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն եւ նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել:

3. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար Գաբրիել Ղազարյան

2018թ. նոյեմբերի 6-ին ԻԱԿ-ը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռեւս ընթացքի մեջ են:

2018թ. նոյեմբերի 6-ին ԻԱԿ-ը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում անելով «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին», որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ:

4. Սփյուռքի նախարարություն, նախարար Մխիթար Հայրապետյան

– 2018թ. օգոստոսի 15-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից հ/կ-ներին տրամադրված դրամաշնորհների եւ սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաեւ բանկային եւ առեւտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդակ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031