Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում

Հունվար 10,2019 10:28

Այս տեմպերով ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը:

Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում Եվրոպական խորհրդարանի կողմից:

Հիշեցնեմ , սակայն, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամենը ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա):

Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայն, որ այդ աշխատանքը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Արդեն ակնհայտ է նաև, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26 տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը կախված է լինելու ընտրությունների արդյունքներից, հետընտրական դասավորումներից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և , իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից:

Որպեսզի մինչև տարեվերջ համաձայնագիրը վավերացվի անհրաժեշտ կլինի՝

1. Արագացնել ռատիֆիկացիայի գործընթացը մնացած 19 երկրներում
2. Եվրոպական ընտրություններից առաջ մաքսիմալ դրական ազդակներ ուղարկել Բրյուսել
3. Արագացնել երկրի ներսում համաձայնագրի իրականացման գործընթացը՝ ըստ ոլորտների ձեռնամուխ լինելով իրական բարեփոխումներին։
4. Առավելագույն չափով օգտագործել խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը։
5. Եվրոպական ընտրություններից հետո արագ կապ հաստատել ԵՄ նոր ղեկավար վերնախավի հետ, փորձելով առաջ տանել “հայկական դոսյեն”։

Ի մի բերելով առկա խնդիրները և նոր իշխանությունների կարողությունները, սխալված լինելու ցանկությամբ, ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում առ այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում:

(շարունակելի)

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031