Տասնմեկ մարդ է մահացել, մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում են Վրաստանում գրիպի վարակի պատճառով:
Նրանց մահվան պատճառը H1N1 վարակն է, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»։
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համաճարակի մասին խոսք չկա, և որպես ապացույց նշում է վիճակագրությունն․ այսօրվա դրությամբ Վրաստանում հարյուր հազար մարդու հաշվարկով Վրաստանում գրիպով հիվանդ է 256 մարդ, իսկ համաճարակի դեպքում հիվանդների թիվը պետք է հասնի 450-500 դեպքի։
Այնուամենայնիվ, Վրաստանում այժմ իսկական խուճապ է։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ լրատվական ծրագրերը սկսվում են գրիպի մասին նորություններով՝ պատմելով մահացության նոր դեպքերի մասին։ Փողոցներում կարելի է հանդիպել բժշկական դիմակներով մարդկանց, ինչը բնորոշ չէ Վրաստանին։
Դեղատներում մարդիկ նախապես գնում են գրիպի և մրսածության դեմ դեղեր, անգամ թանկարժեք հակավարակային «Տամիֆլու» դեղամիջոցը, որը հիմնական միջոցներից մեկն է «խոզի գրիպի» բուժման ժամանակ։
Սակավամարդ են մանկական ամանորյա միջոցառումները․ ծնողները վախենում են իրենց երեխաներին բերել մարդաշատ վայրեր։
Հունվարի 8-ից Թբիլիսիի հինգ հիվանդանոց անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Կարանտին է հայտարարվել երկրի գրեթե բոլոր բուժհաստատություններում․հիվանդանոցներ մուտք գործելն ու այնտեղ մնալու ժամանակահատվածը խիստ սահմանափակ է։ Արտակարգ ռեժիմով է աշխատում շտապօգնության ծառայությունը։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ այս պահի դրությամբ լաբորատոր առումով հաստատվել է «խոզի գրիպով» հիվանդանալու 158 դեպք, դրանցից տասնմեկը մահացու ելք են ունեցել։ Մեծ մասամբ բարդությունների զոհ են դարձել քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում