Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը գնալու են շուկա, այլապես ոստիկանները կուղեկցեն

Հունվար 10,2019 14:00

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ անցյալ տարի հայտարարել էր՝ հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ: Մարությանն ասել էր. «Նվազագույնի ենք հասցնելու այն, ինչը հնարավոր է անել ոստիկանության եւ քաղաքապետարանի ուժերով: Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլեւ բացատրական կերպով, եւ դա մի փոքր ժամանակ է պահանջում մեզանից»: Քաղաքապետը նշել էր՝ այս խնդրում կա երկու կողմ՝ օրինականության պահպանումը եւ սոցիալական խնդիրը:

Այս տարի ամռանից սկսած ու հատկապես նախատոնական օրերին փողոցային առեւտուրն այնպիսի ծավալների էր հասել, որ, կարելի է ասել, ամեն քայլափոխի, մայթերին ինչ ասես՝ չէին վաճառում՝ սննդից սկսած մինչեւ կենցաղային ապրանքներ ու խաղալիքներ: Քաղաքի կենտրոնական եւ մարդաշատ փողոցներում հենց գետնին դրված վաճառվում են ձուկ, պանիր, մրգաչրեր, թարմ միրգ-բանջարեղեն, կանաչեղեն, հատապտուղ, ձու եւ այլն:

Մի կողմից՝ կարծես լավ է, մարդիկ ապրանք են վաճառում, գումար աշխատում, բայց մյուս կողմից էլ՝ դա ապօրինի է, եւ մայրաքաղաքը վերածվել է բացօթյա շուկայի, եւ ոչ միայն տեսարանն է տգեղ, այլեւ սնունդը հակահիգիենիկ պայմաններում է վաճառվում:

Ամանորյա տոներից հետո Երեւանի քաղաքապետարանը կրկին նախազգուշական հայտարարություն արեց. «Բացօթյա ապօրինի առեւտուր Երեւանում չպետք է լինի. առեւտրականներն ուղղորդվում են շուկաներ: Նախազգուշացումներն ու տուգանքները մեր նպատակը չեն. քաղաքապետարանը բանջարեղենի եւ մրգի առեւտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առեւտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում»:

Այս առեւտրականները պնդում են, թե շուկայում հարմար չէ, առեւտուր քիչ է լինում, իսկ այսպես՝ փողոցում դրած, անցնող-դարձող տեսնում՝ ձեռքի հետ մի բան առնում է:

Ինչպե՞ս են ուղղորդում բացօթյա առեւտրով զբաղվողներին դեպի օրինական շուկաներ, ի՞նչ պայմաններ են առաջարկում նրանց, «Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը վստահեցնում է՝ բոլոր պայմանները կան, որպեսզի առեւտուրը կազմակերպվի օրինական շուկաներում, ընդ որում՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կան համապատասխան շուկաներ, ազատ տաղավարներ: Բացի այս, ինչպես Կարապետյանը վստահեցրեց՝ շուկաների սեփականատերերը պատրաստ են ընդառաջել եւ որոշակի ժամանակահատված տաղավարներն անվճար տրամադրել:

Կարապետյանը նկատում է՝ եթե բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվող քաղաքացիները դժգոհում են շուկաներից, ապա օրինական դաշտում գործող տնտեսվարողներն էլ իրավացիորեն դժգոհում են. «Ասում են՝ մրցակցությունից դուրս ենք մնում, որովհետեւ մեր դիմացը բերում են առանց որեւէ հարկային պարտավորության, առանց որեւէ լիցենզիայի դնում են մի հատ արկղ ու մթերք են վաճառում»: Կարապետյանի խոսքերով՝ տնտեսական տեսակետից դա նորմալ չէ, ինչպես նաեւ դա նորմալ չէ սննդի անվտանգության եւ հանրային առողջապահության տեսանկյունից. «Որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ փողոցում փոշու մեջ, առանց թույլտվության, առանց համապատասխան հսկողության վաճառվող ապրանքը կարող է եւ շատ հավանական է, որ վնասակար կլինի առողջության համար: Այդ առեւտուրը «պիկին է» հասնում տոներին, բայց մենք մի քանի տոներ ունենք, եւ այդ «պիկերը» հաջորդում են միմյանց: Մենք տեսնում ենք, որ բացի գյուղմթերքից, բանջարեղենից, մրգից՝ վաճառվում են մսամթերք, ձկնամթերք, որոնք առանձնապես վտանգավոր են եւ կարող են վնասել մեր առողջությանը»:

Քաղաքապետի մամուլի քարտուղարի խոսքերով՝ ի վերջո դա օրենքի պահանջ է. բացօթյա նման առեւտուրն արգելվում է: Բայց որպեսզի այս տեսակ ինքնազբաղվածների տնտեսական գործունեությունը չվնասվի, նրանց առաջարկվում են տարածքներ՝ համապատասխան վայրերում եւ առավելագույն բարենպաստ պայմաններով: «Կարեւոր է հասկանալ մի բան՝ նրանք բոլորը լինելու են հավասար պայմաններում: Այսինքն՝ եթե, ենթադրենք, ես միրգ եմ վաճառում փողոցում, ինձ ասում են՝ դու գնա շուկա, մտածում եմ՝ ես գնամ, բայց իմ կողքի կանգնողը չի գնա եւ ավելի շատ կվաճառի, եւ ես վնասներ կկրեմ, այդպես չի լինելու: Ո՛չ, բոլորը գնալու են շուկա: Երբ բոլորը գնան շուկա, համապատասխանաբար բոլորն էլ հավասար պայմաններում կլինեն»:

Եվ ինչպե՞ս են բոլորը գնալու շուկա, արդյոք քաղաքապետարանը դիմելու է ոստիկանությա՞ն օգնությանը, ասենք՝ առեւտրականներին փողոցից հեռացնեն: Մեր այս հարցին ի պատասխան՝ Կարապետյանն այսպես է արձագանքում. «Քաղաքապետարանն, իհարկե, անում է այն գործողությունները եւ իրականացնում է այն գործառույթները, որոնց համար լիազորված է, որոնց գործիքներն ունի, եւ, բնականաբար, այդ հարցում ակնկալում ենք ոստիկանության աջակցությունը եւ մյուս համապատասխան գերատեսչությունների աջակցությունը: Ես հուսով եմ, որ դրան չի հասնի գործը, բայց բոլոր հնարավոր օրինական միջոցներով օրենքը պետք է պահպանել»:

Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն՝ չի՞ բացառվում, որ ոստիկանները փողոցում մոտենան առեւտրականներին եւ արգելեն առեւտրով զբաղվել, Կարապետյանը պատասխանում է. «Եթե դուք ապօրինի գործողություն իրականացնեք, ոստիկանները կմոտենա՞ն ձեզ, թե՞ չեն մոտենա: Ինձ թվում է՝ կմոտենան: Ուղղակի ես հույս ունեմ, որ հարցը դրան չի հասնի: Եթե հիշում եք, նոյեմբերի սկզբներին խնդիրը կրկին բարձրացավ, եւ առեւտրով զբաղվող մի խումբ ակտիվ քաղաքացիներ քաղաքապետարանի հետ բանավոր համաձայնություն էին ձեռք բերել, որպեսզի քաղաքապետարանն ընդառաջի, եւ այդ ապօրինության առաջ աչք էր փակվում: Մարդիկ ասում էին՝ մենք ահագին ծախս ենք արել, նախապատրաստվում ենք տոնական օրերին, եթե դուք մեզ արգելեք, մենք լուրջ վնասներ կկրենք: Քաղաքապետարանն ընդառաջ գնաց այն խոստման դիմաց, որ հունվարից հետո որեւէ մեկը չի գնալու առճակատման, եւ ես հույս ունեմ, որ օրինականությունը կպահեն բոլոր կողմերը»:

Շուկաներում, պարզվում է, ազատ տաղավարները շատ են. ընդ որում, օրինակ՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարեւանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ հայտնի գումի շուկայում էլ ազատ տաղավարներ կան, եւ այսպես՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

09.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չեմ կարծեր որ Նորաբուս քաղաքապետը կարենայ այս էական հարցերը լուծել ;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031