Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է…»

Հունվար 10,2019 13:30

Արցախի ազատագրման պատմական նշանակության, խիզախ հայորդիների կյանքի գնով նվաճած հաղթանակի, այդ տարիներին համայն հայության միասնականության մասին մտորելով քայլում ենք լեռնային հարուստ տեղանքով մեր պապերի վաղեմի բնօրրանում՝ Արցախում, բարձրանում Մարտակերտի շրջանի հարավ-արեւելքում, Խաչեն գետի աջ ափին գտնվող Արցախի հինավուրց քաղաքներից մեկի՝ Տիգրանակերտի ճանապարհով, մտնում Մեծ Հայքի հայոց արքա Տիգրան Մեծի կողմից կառուցված անառիկ ամրոցը, որտեղ հայ ժողովրդի՝ արցախյան հողում կերտած դարավոր պատմությունն է հառնում:

Գեղեցիկ է աշունը Արցախում: Սպարապետ Վազգեն Սարգսյանի երբեւէ գրած բառերն են ասես հնչում ամենուր. «Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է…»: Որքա՜ն թանկ է մեր անհոգ մանկության գնով ազատագրված այս հողը մեզ համար: Մենք, որ մանկուց ի վեր մեր հայրերին ենք ռազմի դաշտ ճանապարհել, այսօր մեր սիրելիներն են անառիկ պահում մեր հայրերի ազատագրած տարածքները, վաղը գուցե մեր որդիները շարունակեն իրենց քաջարի պապերի ու հայրերի գործը, կտեսնե՞նք, արդյոք, արցախյան հարցի կարգավորման, արդեն երկու տասնամյակ եւ ավելի շարունակվող այս՝ պատերազմ, թե խաղաղություն իրավիճակի հանգուցալուծումը, երբ կդադարեն սահմանամերձ բնակավայրերի ավերիչ արկակոծությունները, եւ թխամաշկ ու ամրակազմ մանուկները կշարունակեն իրենց անվրդով խաղը…
Ճանապարհի մեր ուղեկիցները՝ փորձառու հետախույզ Անդրանիկն ու նրա գեղեցկուհի կինը, ով Արցախի դպրոցականներին հայոց պատմություն է դասավանդում, մեզ ծանոթացնում են անծանոթ տեղանքին: Հեռվում երեւում է սեգ ժայռերի մեջ հպարտ բազմած, հարյուրավոր տարիներ Կովկասի խստագույն կալանավայրը համարվող Շուշիի պատմական բանտը: Ոլորապտույտ ճանապարհը մեզ տանում է մայրաքաղաք Ստեփանակերտից 35 կմ հեռավորության վրա գտնվող, Վարանդայի չքնաղ հովտի մի պատմական բնակավայր՝ Մարտունու տարածաշրջանի Կարմիր Շուկա գյուղ, որտեղ ընթացած հերոսամարտերը փառաբանվեցին հայոց պատմության նորագույն էջերում: 1992թ. հունիսի 28-ին հայկական զինված ուժերը հնագիտության պրոֆեսոր, Մարտունու պաշտպանական շրջանի հիմնադիր, լեգենդար Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Արցախի Հանրապետության հարավարեւելյան դարպասը՝ Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը: «Պատերազմը դժվարություն է, իսկ խաղաղություն կլինի միայն մեր հաղթանակով»,- ասում էր Մոնթեն: Այս բնակավայրերի ազատագրմամբ վերադարձվեց պատմական Արցախի մի մասը եւ, ըստ էության, վերջ դրվեց պաշտպանական գիծը մեկ ուղղությամբ ճեղքելու թշնամու ոտնձգությանը:

Կարմիր Շուկան տեղաբաշխված է համեմատաբար հարթ տեղանքի վրա։ Այստեղ այցելողին նախ եւ առաջ հետաքրքրում է գյուղի անվանման ծագումնաբանությունը: Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ 1921թ. մայիսի 1-ին` ժողովուրդների համերաշխության միջազգային օրը, երբ Վարանդայի հովիտն ամբողջությամբ կարմիր էր հագել, ձորակի գյուղերի հարյուրավոր բնակիչներ կարմիր դրոշներով ու ցուցապաստառներով մասնակցում էին մեծ տոնախմբությանը եւ իրենց՝ վաճառքի հանած մթերքն ու գինին զուռնա-դհոլի հնչյունների ներքո բաժանում ծանոթ-անծանոթներին, կոմունիստներից մեկն առաջարկեց Վարանդայի հովտի առեւտրատեղին անվանել Կարմիր Շուկա (Ղիրմիզի բազար): Հետագայում Կարմիր Շուկայում հիմնվել են խաղողի այգիներ, իսկ 1928թ. կառուցվել է գինու գործարանը։ Մոտակա գյուղերից այստեղ տեղափոխված բնակիչները կառուցել են տներ, շենացրել այս բնակավայրը: 1960 ականներին Կարմիր Շուկան իր գինու գործարանով եւ կիրակնօրյա շուկայով տարածաշրջանի ամենաաշխույժ բնակավայրերից էր:

Այսօր գյուղն ունի մոտ 270 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Գյուղի հարեւանությամբ գործում է ձեթի գործարան, ինչպես նաեւ 2000 թվականից վերագործարկված նշանավոր գինու գործարանը։ Վերջին տարիներին, շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Կարմիր Շուկայում ջրամատակարարման ներքին ցանցը փոխարինվել է նորով, վերանորոգվել են Տնջրի եւ Հաչա աղբյուրակապերը, կառուցվել է երկու ջրամբար, նոր ջրատար, ինչի արդյունքում Կարմիր Շուկան ունի շուրջօրյա ջրամատակարարում: Գյուղի շրջակայքում է գտնվում զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող 2010 տարեկան սոսի՝ հայտնի տնջրե ծառը։

Կարմիր Շուկան հերոսածին բնակավայր է համարվում: Գյուղում վեր է խոյանում մի հուշակոթող՝ նվիրված Արցախյան ազատամարտում նահատակված մարտիկների հիշատակին, ում սխրանքն օրինակելի է սերունդների համար: Հերոսների արյամբ ձեռք բերված խաղաղությունն այսօր պատվով են պահպանում Հայոց բանակի իրական նվիրյալները:

Այստեղ հանդիպեցինք Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ բազմաթիվ հաղթանակներ նվաճած Մարտունու շրջանի ինքնապաշտպանական գումարտակի մարտիկներից մեկին՝ գնդապետ Արարատ Մելքումյանին: Վառ, խիզախ, եռանդուն հրամանատարը կապտաթույր աչքեր ուներ եւ ակամայից ինձ հիշեցրեց հին հայկական դիցաբանության մեջ ռազմի, քաջության եւ հաղթանակի աստծուն՝ հրացայտ մազերով, արեգակնային աչքերով Վահագնին: Արարատ Մելքումյանը հայրենի հողի ազատագրմանն ու պաշտպանությանն է նվիրել իր ողջ գիտակցական կյանքը: Մարտունու շրջանի ինքնապաշտպանական գումարտակի հետ անցնելով արցախյան ազատամարտի փառապանծ ուղին, Արարատ Մելքումյանը 1994 թվականին՝ 19 տարեկանում իր սխրանքի համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ընկերներն ու համագյուղացիները համաժողովրդական սեր ու հարգանք վայելող «կամանդիրին» բնութագրում են որպես հայոց բանակի ամուր հենասյուն: Ինքը՝ արցախյան երկու պատերազմի բովով անցած, ռազմի դաշտում կորստյան ցավ եւ հաղթանակի բերկրանք ճաշակած գնդապետը գրեթե չի խոսում իր սխրանքների մասին. «Ես միշտ կրկնել եմ, որ կռվողները հենց 18 տարեկաններն են, քանի որ նրանք չեն մտածում իրենց անվտանգության մասին, նրանք պատրաստ են կյանքը զոհաբերել՝ հանուն հայրենիքի: Ընկերներս հաճախ հարցնում են՝ բա որ վաղը պատերազմ լինի, ի՞նչ է լինելու: Ես էլ բերում եմ առաջին պատերազմի օրինակը, երբ ես ընդամենը 18 տարեկան էի եւ մարտական ընկերներիս հետ արդեն Կարմիր Շուկայի ինքնապաշտպանական ջոկատի շարքում էինք: Եվ նույն այդ տարիքի տղաներն արդարացրին մեր սպասելիքները 2016 թվականին, իրական սխրանքներ գործեցին, մինչեւ վերջին փամփուշտը կրակեցին, բայց խրամատից դուրս չեկան, դիրքը չլքեցին…»:

2016թ. ապրիլին դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը եւս առաջնագծում էր՝ հայ զինվորի կողքին: Նրա շնորհիվ Ջրականի հատվածում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի կողմից գրավված մարտական դիրքերի մատույցներում կասեցվեց թշնամու առաջխաղացումը՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ: Արկերի տարափի տակ կռվելով՝ գնդապետ Մելքումյանը բեկորային վիրավորում է ստանում, սակայն հրաժարվում է լքել մարտի դաշտը, եւ միայն երկրորդ անգամ վիրավորվելուց հետո զինվորները հրամանատարին դուրս են բերում թիկունք: Դեռ լիովին չապաքինված, Արարատ Մելքումյանը վերադառնում է առաջնագիծ՝ իր զինվորների ու սպաների մոտ: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսեւորած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Կարմիր Շուկայի հերոս զավակը՝ Արարատ Մելքումյանը, 2016թ. պարգեւատրվում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու թերեւս լավագույն օրինակն են: Գնդապետ Մելքումյանն արդեն մի քանի ամիս է՝ զորքերում չէ: Նա ժամանակավոր հանգստի է անցել՝ միշտ պատրաստ լինելով հայրենի եզերքի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում կրկին լինել առաջնագծում՝ հայ զինվորի կողքին, քանզի հայոց բանակն իրական նվիրյալների կարիքն ունի:

Արցախի սահմանին կանգնած դիրքապահին ուժ է տալիս իրենց շեների լույսերը վառ պահող այս հերոս ժողովուրդը: Կարմիր Շուկայում՝ Գեւորգի հյուրընկալ հացատանը, մեզ հյուրասիրեցին Օլեգի հրաշագործ ձեռամբ պատրաստված խորոված ու Ղարաբաղի անմահական թթի օղի։ Թթի կամ թոթի օղին այստեղ խմում էին ազդեցիկ թնդությամբ:

Հայի արարող, հայրենասեր տեսակը ապրում է այստեղ՝ քաջ եւ հյուրընկալ արցախցիների մեջ, ովքեր պատերազմի իրական սարսափներն են վերապրել, զանգվածային հրթիռահրետակոծությունից պատսպարվելու համար պաշտպանական կացարաններ կառուցել իրենց կանանց, երեխաների եւ ծնողների համար, իսկ իրենք որսորդական հրացանները փոխարինելով ինքնաձիգներով՝ շտապել առաջնագիծ մարտական հերթապահության: Այս մարդիկ այսօր էլ ապրում են անավարտ պատերազմի իրողությունը, հայրենի հողը պաշտպանելու համար պարտադրված պայքարի անհրաժեշտությունը գիտակցելով…

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031