Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ սպասելիքներ ունենք ռեկտորների փոփոխությունից

Հունվար 10,2019 13:00

Թավշյա հեղափոխությունը աստիճանաբար հասնում է նաեւ ռեկտորների ընդունարաններ եւ հիմա արդեն հանրապետությունում նկատվում է ռեկտորների փոփոխման գործընթաց: Սպասելիքները շատ են այդ գործընթացից, քանի որ անկախացումից հետո, ավելին, անգամ Բոլոնիայի գործընթացին անդամակցելուց հետո, հանրապետական բուհական համակարգում գրեթե ոչինչ չփոխվեց, որի պատճառներից մեկը «երկարակյաց» ռեկտորներն էին, որոնք չէին գնում կտրուկ բարեփոխումների: Իսկ հեղափոխական լուծումներ պահանջող համալսարանական բարեփոխումներ հիմա մեզ շատ են պետք:

Թերեւս անցան այն ժամանակները, երբ համալսարանները իրենց ուսանողական խորհուրդներով դիտվում էին իշխանական կառույցների կցորդներ: Հիմա արդեն նորանշանակ ռեկտորները թերեւս պետք է առաջնային համարեն իրենց կողմից ղեկավարած բուհերի մրցակցային դիրքերի ապահովումը, եւ ոչ թե իշխանական շահերի սպասարկումը: Իսկ մրցակցությունը առաջին հերթին պահանջում է բուհերի կառավարման համակարգի, դասավանդվող տեխնոլոգիաների արմատական վերանայումներ, որը չարվեց նախկին ռեկտորների կողմից:

Ներկայումս համալսարաններում կրթական ծառայությունների մատուցումը հիմնականում կտրված է իրականությունից եւ գրեթե չի փոխկապակցվում աշխատաշուկայի պահանջների հետ: Ուսումնառության տարիներ եւ հսկայական ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում մասնագետ-շրջանավարտներ պատրաստելու համար, այն դեպքում, երբ լիարժեքորեն հաշվի չեն առնվում գործատուների պահանջները: Արդյունքում, տարեցտարի բուհերի շրջանավարտները համալրում են բարձրագույն կրթությամբ գործազուրկների դժգոհ բանակը, որը ռեկտորներին գրեթե չի մտահոգում եւ անգամ` պատասխանատու չի դարձնում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ բուհերում վերացվեն ուսումնական կամ գիտական ոլորտների գծով պրոռեկտորների պաշտոնները, որոնք վաղուց արդեն չկան միջազգային առաջավոր համալսարաններում, իսկ մեզ մոտ ժառանգաբար փոխանցվել են նախկին հասարակարգից, գործում են տասնամյակներ շարունակ եւ ամբողջապես չեն նպաստում բուհի զարգացմանը: Փոխարենը, պետք է առանցքային համարվեն այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են պրոռեկտորներ` «որակի եւ մրցունակության ապահովման գծով», «կայուն զարգացման կառավարման գծով»: Եթե առաջինը կառավարելու է աշխատաշուկայի հետ բուհի փոխհարաբերման ամբողջական գործընթացը, գիտակրթական ծառայությունների որակի ապահովումը, ապա երկրորդի գործառույթները պետք է ուղղորդվեն կրթական շուկայում բուհի մրցակցային դիրքերի կայունացմանը, ֆինանսական վիճակի ապահովմանը, դիմորդների հավաքագրմանը:

Ընդ որում, կենտրոնացված ընդունելության քննությունները, որոնք վաղուց արդեն իրենց սպառել են, պետք է փոխարինվեն բուհի կողմից կազմակերպվող ընդունելությամբ: Այս պարագայում, համալսարանները ոչ թե պասիվ դիրք են գրավելու եւ սպասելու դիմորդների, այլ ակտիվանալու են հենց ավագ դպրոցներում եւ առաջին կուրսում դասավանդվող առարկաները տեղափոխելով դպրոց, դիմորդին քաջատեղյակ են պահելու ընտրվող մասնագիտության մանրամասներին: Դրանով իսկ, ուսումնական պլանները բեռնաթափելով եւ բակալավրիատի տեւողությունը դարձնելով 3 տարի: Բուհերը չեն կարող լինել մրցունակ, եթե ակադեմիական ոլորտից կրթության ծանրության կենտրոնը չտեղափոխեն կիրառական ոլորտ, չհամագործակցեն գործող հենակետային կազմակերպությունների հետ, չփոխարինեն, այսպես կոչված՝ «արտադրական» կամ «ուսումնական» անարդյունավետ պրակտիկաները` ուսանողին պարտադրվող աշխատանքային փորձաշրջանով: Հետեւաբար, անհրաժեշտ է ամբողջապես փոփոխել կրթական ծառայությունների մատուցման անատոմիան, կտրուկ վերանայելով մասնագիտական կրթական ծրագրերը, ուսանողներին մոտիվացնելով ոչ միայն բարձր գնահատականների կուտակմանը, այլեւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան` կարողությունների ու հմտությունների ձեռքբերմանը: Հակառակ դեպքում, նորից դոփելու ենք տեղում, ունենալու ենք համալսարաններ, որոնք մրցունակ չեն լինելու կրթության թե ներքին, եւ թե միջազգային շուկաներում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 

09.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031