Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման հստակ, հասցեական ու հեռահար համակարգ է պետք

Հունվար 10,2019 12:30

Վերջին շրջանում բանավեճ է ծավալվել Հայաստանում կառավարման համակարգի շուրջ, մասնավորապես՝ նախարարությունների կազմավորման հետ կապված։ Մեր զրուցակիցը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԿԳ նախկին նախարար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է։

-Պարոն Երիցյան, մինչեւ բուն խնդրին անցնելը կուզենայինք հարցնել` ինչպե՞ս կբնութագրեիք անցնող տարին:

-Համաշխարհային առումով այն համարվում է որպես ազգային գաղափարների վերածննդի ժամանակաշրջան, երբ երկրները եւ ժողովուրդները ոչ միայն բարձրաձայնեցին իրենց աշխարհաքաղաքական, այլեւ ազգային խնդիրները՝ ձգտելով գտնել դրանց լուծման բանալիները։

-Պե՞տք է մտածել, որ այս առումով բացառություն չէր եւ Հայաստանը….

-Իհարկե, մեր երկիրն էլ բռնել է բարեփոխումների իր ճանապարհը ու քայլեր են կատարվում այդ ուղղությամբ։ Այստեղ հաջողության հասնելու համար պետք է ունենալ զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ եւ ծրագրեր։ Հենց դրանց զուգակցման միջոցով էլ հնարավոր կլինի ապահովել առաջընթացը։

-Այսինքն՝ պե՞տք է ընթացքի մեջ դնել նոր խորհրդարանի գործունեությունը, կազմավորել նոր կառավարություն եւ իրագործել ծրագրերը։

-Իհարկե, նախընտրական շրջանում կարծում եմ, որ իշխող կուսակցությունը իր ծրագրային հստակեցումներն արդեն հիմնականում արել է եւ կունենանք նոր կառավարություն առաջիկա տարիների տարբեր ոլորտների զարգացման ծրագրերով։

-Այս օրերին տարբեր հարթակներում քննարկվում է կառավարության կառուցվածքը, մասնավորապես՝ մի քանի նախարարությունների ճակատագիրը։ Կուզենայինք իմանալ Ձեր կարծիքը։ Սկսենք սփյուռքի նախարարությունից։ Իսկապես այն մեզ պետք չէ՞։

-Ժամանակին պատիվ եմ ունեցել լինելու Սփյուռքի պետական կոմիտեի ստեղծման հետ կապված քննարկումների մասնակիցը եւ այն որեւէ մեկի հագով էլ չի կարվել՝ ինչպես գրում են ոմանք։ Այն արդյունք էր սփյուռքի կազմակերպությունների առաջարկությունների եւ ցանկությունների, իսկ այդ կոմիտեի, ապա եւ նախարարության 10-ամյա գործունեությունը ցույց տվեց, որ այն առաջին հերթին անհրաժեշտ է հայրենիք-սփյուռք կապի զարգացման եւ ամրապնդման համար։ Վերջին շրջանում լինելով սփյուռքի մի քանի գաղթօջախներում՝ համոզվել եմ, որ սփյուռքի նախարարությունը այն կապող կարեւոր օղակն է դարձել, առանց որի արդեն շատ դժվարությամբ հնարավոր կլինի իրականացնել հայապահպանության, ազգային արժեքների համաշխարհայնացման խնդիրները: Էլ չենք խոսում հայրենադարձության եւ նմանօրինակ այլ զգայուն խնդիրների մասին։ Վլադիկավկազի հայկական համայնքի ղեկավարներից մեկը անհագստացած ասում էր` ինչու եք փակում մի դուռ, որը բացելով այսօր ստանում ենք սփյուռքին անհանգստացնող եւ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները, խնդիրների լուծումները:

-Նման կարծիքներ շատ կան: Անգամ առաջարկում են դրամահավաք կատարել նախարարությունը պահելու համար։

-Կարծում եմ, որ դա չէ խնդիրը, այլ ընկալումը, որ սփյուռքի հետ ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում, փոխվստահության պայմաններում կարելի է շատ ցանկալի արդյունքների հասնել, ինչպես սփյուռքի, այնպես էլ մայր հայրենիքի համար: Հենց այստեղ է, որ պետք է ավելի իրական տեսլական ունենալ եւ ոչ թե երկու փոխադարձ չընկալված հանդիպումներից հետո ասել՝ սա մեզ պետք չէ։ Մենք, ցավոք, դատապարտված ենք սփյուռք ունենալու եւ նրանց խնդիրներով զբաղվելու։ Չէ՞ որ եթե ուրիշ բան չլինի, նրանք` սփյուռքի մեր հայրենակիցներն ավելի շատ են աշխարհում, քան մենք` այստեղ։ Հետո նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Մի բան էլ հիշենք ու երբեք չմոռանանք՝ մենք արյունակիցներ ենք, իսկ արյունը ջուր չի դառնում։

-Պարոն Երիցյան, սփյուռքի պահպանության գործում կարեւոր նշանակություն ունի հայկական մշակույթի դերը։ Հիմա կարծես թե մշակույթի նախարարությունն էլ խնդիր ունի միանալու եւ գործելու այլ նախարարության հետ։

-Ամեն մի ազգի համար կան զգայուն բնագավառներ, առավել եւս հայերիս համար: Դրանցից է մշակույթը, որը կառավարման եւ զարգացման յուրահատկություններ ունի, դրանով իսկ մեկ համակարգի շրջանակում գործառույթների իրականացման անհրաժեշտություն։ Աշխարհում տարբեր օրինակներ կան, երբ անգամ զարգացած երկրներում նմանօրինակ քայլ կատարելուց հետո հետդարձ են արել, քանի որ մեկը խանգարել է մյուսին կառավարման անհրաժեշտ հավասարություն չի ապահովել։ Օրինակ, Ավստրիայում այսօր կա արդեն առանձնացված մշակույթի եւ արվեստի նախարարություն, որի գործառույթներն ավելի կոնկրետ են եւ հասցեական, քան նախկինում, երբ այն այլ նախարարությունում էր: Նույնպիսի առանձնահատկություններ ունի կրթության համակարգը, որը եւս խառնվել չի սիրում, նաեւ իրեն խառնել։ Հավատացեք նաեւ, որ որքան գիտակ ու փորձառու լինի մեկ նախարարը, դժվար կլինի կառավարել նման բազմազանությունը (պատկերացրեք, եթե սրան էլ ավելանա սպորտը եւ երիտասարդությունը):

-Այսինքն՝ այնպիսի նախարարություն կարո՞ղ է ստեղծվել, որը դժվար կլինի կառավարել։

-Խնդիրը դրանում չէ, այլ թե տվյալ նախարարության աշխատանքը որքան ճկուն ու արդյունավետ կլինի այժմյան կառավարության նախաձեռնած բարեփոխումների ճանապարհին։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք խնդրառու բնագավառները, ապա ավելի շատ փոփոխություններ են սպասվում հենց այս ոլորտներում։ Եթե այստեղ էլ դիմենք միջազգային փորձին, ապա բնագավառները կուռ եւ ամբողջական են հենց իրենց կառավարման համակարգով եւ ոլորտներով։ Ընդհանրապես մեր կառավարման ոլորտներում նախարարությունների ձեւավորումից հետո բովանդակային եւ կառուցվածքային լուրջ հստակեցումների կարիք կլինի։ Սա պետք է հաշվի առնել կառուցվածքային փոփոխությունների սկզբունքները ձեւավորելիս եւ ամրագրելիս:

-Պարոն Երիցյան, քանի որ այս մասին խոսք բացվեց, չեմ կարող Ձեզ չհիշեցնել այն մասին, որը Ձեր ջանքերի միջոցով հաջողվեց լուծարվող լեզվի պետական տեսչության փոխարեն լեզվի բնագավառի կառավարման մարմին ստեղծել: Այն այսօր կատարո՞ւմ է իր առջեւ դրված խնդիրները։

-Դժվարանում եմ ասել, բայց դատելով հրապարակումներից, լեզվի կոմիտեն որպես կառավարման մարմին դեռեւս լիովին չի գործում՝ մոռանալով օրենսդրությամբ նախատեսված հիմնական գործառույթների մասին։ Կարծես թե այն դարձել է ֆեյսբուքային գործունեություն ծավալող օղակ։ Պատկերացնում եք, որ ապագայում էլ նոր կառավարության գործունեության շրջանանակներում նման մոտեցումներ որդեգրվեն։ Այդ դեպքերում ուր կհասնի բարեփոխումների տրամաբանությունը։

-Քանի որ խոսեցինք երկու նախարարությունների սկզբունքորեն կամ վերացման, կամ գործառույթների կտրուկ փոփոխության մասին, կուզենայինք հարցնել` ի՞նչ վերաբերմունք ունեք գյուղնախարարության «միգրացիայի կամ տարագրման» մասին:

-Նույնը, ինչ որ նախորդ նախարարությունների դեպքում: Տասնամյակների ընթացքում տարբեր երկրների կառավարման համակարգերում առաջ են եկել եւ ստեղծվել նախարարություններ, որոնք իրենց հաստատուն տեղն են գրավել կառավարությունների կառուցվածքներում: Դրանցից է գյուղնախարարությունը, որը դիտարկվում է որպես երկրի տնտեսության զարգացման կոնկրետ ճյուղի պատասխանատու: Այն կարծես թե ցանկացած երկրի զարգացման եւ պարենային անվտանգության պահպանման գործում առանձնահատուկ դերակատարություն ունի: Խորհուրդ կտայի այստեղ էլ ձեռնպահ մնալ` պահպանել նախարարությունը` ճիշտ հաշվարկներ կատարելով, քանի որ առայժմ մեր տնտեսության զարգացման հուսո ծառը մնացել է գյուղատնտեսությունը իր արտահանման գուցե եւ համեստ, բայց հաստատուն ու նաեւ դեռեւս չօգտագործված հնարավորություններով: Իսկ այս, ինչպես եւ մշակույթի, սփյուռքի հիմնախնդիրները նորովի կառավարման, օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների եւ այլ աջակցության կարիք ունեն:

-Իսկ ի՞նչ այլ մոտեցումներ ունեք մյուս նախարարությունների կառուցվածքային փոփոխությունների հետ կապված:

-Չէի ուզենա անդրադառնալ կառավարության կառուցվածքի մյուս հնարավոր փոփոխություններին, բայց նրանց դեպքում էլ գերխնդիրը պետք է լինի Հայաստանի տնտեսության եւ կյանքի տարբեր ոլորտների անընդհատ եւ վերընթաց զարգացումը: Հակառակ դեպքում մենք էլ մաս կկազմենք համաշխարհային փակուղիներին։ Ինչ էլ լինի, մենք պետք է գտնենք զարգացման մեր ուղին՝ օգտագործելով ունեցած հնարավորությունները, ինչու չէ՝ սփյուռքի մեծ ներուժը, բարեկամ երկրների՝ օգնությունը։ Կարեւորը նաեւ գիտելիքն է, փորձառությունը, ազգային նվիրվածությունը եւ քաղաքական կամքը, որը երկիրը կտանի բարեփոխումների ճանապարհով, քանի որ հետհեղափոխական այս շրջանը պետք է դառնա պետականաշինության նոր տեսլականներ ունեցող համակարգի ձեւավորման ժամանակաշրջան, մի կողմից օգտագործելով անկախության շրջանում ձեռք բերված փորձը եւ դասերը, մյուս կողմից էլ`գործի դնելով համաշխարհային փորձը եւ նորարարությունները երկարատեւ պլանավորումներով ծրագրավորումներով, որպեսզի վաղն էլ հրապարակ չհանվեն իրավիճակային լուծումները, եւ ոչ հեռահար քայլերը: Դրա փոխարեն կյանքի բոլոր ոլորտներում լինի բարեփոխումների հստակ, մաքուր, հասկանալի եւ նպատակային գործելակերպը:

-Գալիք մեկ շաբաթը արդյո՞ք բավարար է կառավարության կուռ ու ամբողջական կառուցվածք ձեւավորելու եւ ԱԺ-ում հաստատելու համար:

-Կարծում եմ, որ այս թեմային առնչվող վերջին շրջանի քննարկումները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն անհրաժեշտ հիմք եւ լայն հարթակ են ստեղծել նախագծի հեղինակներին հաշվի առնել հնչած առաջարկությունները եւ ցանկությունները եւ ԱԺ-ի հաստատմանը ներկայացնել կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող, գործուն, հեռահար ծրագրեր եւ նպատակներ ունեցող կառավարության կառուցվածք: Չէ՞ որ այդ կառավարությունն է, որ մեզ պետք է ներկայացնի երկրի զարգացման առաջիկա տարիների հստակ ծրագիրը:

Հարցազրույցը վարեց

ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

09.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031