Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հիմքից եկեղեցի կառուցելու թույլտվություն են տրամադրել ասորական համայնքին:
Նախկինում թուրքական իշխանությունները եկեղեցիների վերանորոգման համար էին միայն թույլտվություն տալիս:
Հայտնի է, որ ասորական եկեղեցին կառուցվելու է Յեշիլքյոյ թաղամասում գտնվող իտալական գերեզմանատան տարածքում:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետ Բյուլենթ Քերիմօղլուն, այցելելով Ստամբուլի, Անկարայի ասորական ուղղափառ եկեղեցու մոտրոպոլիտ Յուսուֆ Չեթինի նստավայր, հանձնել է եկեղեցի կառուցելու գրավոր թույլտվությունը:
Քերիմօղլուն նշել է, որ շուտով սկսվելու են Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառուցվելիք եկեղեցու շինարարական աշխատանքները, որի համար կպահանջվի մոտ 2 տարի:
Ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինի փոխանցմամբ` շուրջ 10 տարի իրենք ջանքեր են գործադրել եկեղեցու կառուցումը հաջողելու համար:
Մետրոպոլիտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել և ներդրումն ունեցել այդ գործում:
«Թուրքիայում ասորական համայնքը ազգային և կրոնական փոքրամասնությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն հայ համայնքին»,- ասել է ասորի հոգևոր առաջնորդը:
Մետրոպոլիտի փոխանցմամբ` ասորական շատ վանքեր և եկեղեցիներ կան Թուրքիայի հարավարևելյան և արևելյան շրջաններում, իսկ Ստամբուլում չկան:
Աղբյուր` Ermenihaber/ Superhaber