Պուտինին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց գրքեր ձոնած իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը չափածո գիրք է ձոնել նաեւ Նաիրա Զոհրաբյանին, որը կոչվում է «Կայծակուհին»:
Լ. Չիբուխչյանը մեզ ասաց, որ դա իր 280-րդ գիրքն է: «Կայծակուհի» գիրքը խտացրած, փոքր տառատեսակներով 81 էջ է: Այն ավարտվում է հետեւյալ տողերով.
Ժամ էլ չփոխես Զոհրաբյան հզոր քո ազգանունը,
Երբեք չծնվող ավագ որդիդ է մեր հորդե հունը,
Քեզ խնդրել՝ դնել թեկնածությունդ եւ նախագահի
Դատարկ թամբին է ով նստում, ձին էլ պիտի վստահի:
Լ. Չիբուխչյանը հայտնեց, որ իր գիրքը ԲՀԿ տեղական կառույցի միջոցով ուղարկել է Նաիրա Զոհրաբյանին: Նա ասաց, որ գիրքը տպագրել է իր սեփական միջոցներով, առանց որեւէ ֆինանսական աջակցության, իր կենսաթոշակը 36 հազար դրամ է;
Լ. Չիբուխչյանն ասաց, որ Ն. Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքից հետո ինքը 5 գիրք է գրել, որոնցից երկուսը՝ «Կայծակուհին» եւ կլառնետահար Եղիշե Գասպարյանին նվիրված «Աստծո մատները» գիրք-ձոներն արդեն տպագրված են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ