Օրերս «Anonymus» անվամբ ցանցահենների խումբը հրապարակել էր փաստաթղթեր բրիտանական նախագծերից մեկի արխիվից, ըստ որի՝ հայաստանյան մի շարք հայտնի փորձագետներ որակվում են որպես «ռուսական քարոզիչներ» եւ «ռուսական շահերի ներկայացուցիչներ»: Նրանց թվում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցանցահենների հրապարակմանը՝ նա նշեց. «Եթե դրա հետ միասին օրինակ բերեին ռուսական քարոզի, կասեի՝ «այո, ճիշտ եք», բայց կարծում եմ՝ դա հատուկ գործողություն է՝ ուղղված որոշակի մարդկանց դեմ: Դա ուշադրություն շեղելու միջոց է»:
Թե ովքեր կարող են կանգնած լինել դրա հետեւում, Գագիկ Հարությունյանը մատնանշեց, որ ՀՀ-ում կան հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք կապված են որոշ երկրների հատուկ ծառայությունների հետ. «Ոչինչ չի բացառվում: Մեծ Բրիտանիան, օրինակ, ՀՀ-ում մեծ մասնակցություն ունի ներքին եւ քաղաքական գործընթացներին»:
Իսկ թե ինչու են թիրախավորվել փորձագետները, Գագիկ Հարությունյանը կարծում է, որ տեղի է ունենում փորձագիտական հանրության վերացում: Որպես օրինակ նա մատնանշեց այն փաստը, որ «Նորավանքը» փակվում է. «Այն գործում էր պետության հովանու ներքո եւ միակ պետական ուղեղային կենտրոնն էր: Մեզ նամակ են ուղարկել, որ հունվարից էլ չենք աշխատելու: Կառավարությունից որեւէ մեկը որեւէ բացատրություն չի տվել, միայն ասում են, թե օպտիմալացում են անում»:
Հիշեցնենք, որ ցանցահենների հրապարակած ցուցակում ընդգրկված անձանցից մեկնաբանություն են արել Վահրամ Տեր-Մաթեւոսյանը, Թեւան Պողոսյանը, Ջոնի Մելիքյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի գործունեության մասին մանրամասն՝ այստեղ