Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. Ամուլսարի, Թեղուտի, Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված բացասական զարգացումները չլինեին, տնտեսական աճը շատ ավելի բարձր կլիներ

Հունվար 09,2019 18:06

2018 թ-ին Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5.3%: Սա հրապարակել է Համաշխարհային բանկն իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցում:

Անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրի տնտեսական աճի մասին նոր կանխատեսում էր արել՝ 6% իրական տնտեսական աճ:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում ՀԲ-ի հրապարակած 5,3 %-ը նորմալ է համարում՝ նշելով, որ այդպիսի կանխատեսումը մոտ է իրականությանը: Պարոն Մարգարյանի խոսքով, տնտեսական աճի կանխատեսումները 2018-ի համար մի քանի անգամ վերանայվել են. «Տարեսկզբին ավելի համեստ էին կանխատեսումները, հետագայում, թավշյա հեղափոխությունից հետո, ըստ էության, ե՜ւ Համաշխարհային բանկը ե՜ւ Արժույթի միջազգային հիմնադրամը ե՜ւ միջազգային վարկանիշավորող կազմակերպությունները՝ Ֆիթչը, Մուդիսը, վերանայեցին բարձրացման ուղղությամբ՝ նկատի ունենալով բավականին բարձր տեմպերը, եւ ընդհանուր միտումներն այն էին, որ հնարավոր է կրկնվի նախորդ տարվա սցենարը Հայաստանում՝ շատ բարձր, 7,5 % տնտեսական աճը, բայց ավելի նվազագույնին մոտ, մասնավորապես՝ 6 %-ի»:

Ատոմ Մարգարյանի ներկայացմամբ, ՀԲ-ի 5,3 % կանխատեսումը մոտ է նաեւ թե ՀՀ Կենտրոնական բանկի եւ նաեւ կառավարության կանխատեսումներին, որը եղել է 6 տոկոսի շրջանակներում. «Այնպես որ, հաշվի առնելով, այս տարվա զարգացումները, քաղաքական ռիսկերը եւ նաեւ արտաքին շուկաների, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսության զարգացումներով պայմանավորված բացասական ազդակները, կարելի է ասել, նորմալ է: Չնայած, այս անգամ ավելի լավատեսական է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, բայց բոլոր դեպքերում նորմալ է եւ համահունչ այն միտումներին, որ ընդհանրապես աշխարհում գոյություն ունեին: Հայաստանը, փաստորեն, տեղավորվել է այդ թրենդի մեջ»:

Ինչ վերաբերում է աճի գործոններին, ապա, ըստ Ատոմ Մարգարյանի, այս տարի դրա վրա բացասական ազդեցություն է ունեցել հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերի կասեցումը. «Այսինքն՝ այլ հավասար պայմաններում, եթե Ամուլսարի ծրագիրը, Թեղուտը, Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված բացասական զարգացումները չլինեին, տնտեսական աճը շատ ավելի բարձր կլիներ: Բայց, դրա փոխարեն, մենք ունենք որոշակի աշխուժացում տնտեսության իրական հատվածի այլ սեգմենտներում, նաեւ առեւտրի ոլորտում: Սրանք, կարելի է ասել, փոխլրացնող կամ հակակշռող գործոններ են»:

Մեր զրուցակցի խոսքով, արտաքին առեւտրի ոլորտում «բացասական, կարելի է ասել, նույնիսկ շոկային» է եղել դեպի Ռուսաստան արտահանումների կրճատումը. «Ընդհանուր առմամբ, արտաքին առեւտրի բացասական սալդոն, այսպես ասած, ճեղքը, որոշակիորեն, չնայած, բալանսավորված է, բայց մենք ունենք ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված այդպիսի պատկեր»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Համաշխարհային բանկը 2019 եւ 2020-ին կանխատեսում է համապատասխանաբար՝ 4.3 եւ 4.6 % աճ, այսինքն՝ ավելի ցածր տնտեսական աճ, քան այս տարի, այն դեպքում, երբ նախորդ տարի մեր երկրում փոփոխություններ տեղի ունեցան եւ տնտեսական վիճակն էլ ոչ այնքան կայուն էր, արդյոք տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումները պայմանավորված են արտաքին պարտքը մարելու հանգամանքով, հաշվի առնելով, որ 2019-2020 թվականները պարտքը մարելու պիկն է լինելու:

Ի պատասխան Ատոմ Մարգարյանն ասաց, որ այդ տարիների համար բավականին ռիսկային է տնտեսական կանխատեսում անելը. «Այո, արտաքին պարտքի ավելացումը աշխատում է տնտեսական աճի դեմ այլեւս: Սա հիմնական խնդիրներից մեկն է, եւ առաջիկա տարիների զսպող նեգատիվ գործոններից մեկն է լինելու տնտեսական աճի, եթե այս նոր ձեւավորվելիք կառավարությունը չգտնի այն տնտեսական ուղիները՝ քաղաքականության եւ ռազմավարության, որոնք կարող են տնտեսական աճի թե պահանջարկածին եւ թե առաջարկածին, այսպես կոչված, շարժիչները գործողության մեջ դնել: Բավական լուրջ եւ ծանր աշխատանք է սպասվում այդ տեսանկյունից: Թե ինչպիսին կլինի քաղաքականությանն ուղղված գիծը առայժմ պարզ չէ: Դա կերեւա ձեւավորվելիք կառավարության ծրագրից, բայց ընդհանուր առմամբ, հետեւելով մակրոտնտեսական իրադրությանը եւ այն հնարավոր հավելյալ գործոններին, որոնք սկսել են աշխատել եւ արդյունքներ տալ, հատկապես՝ հակաստվերային եւ հակակոռուպցիոն գործողությունները, կարծում եմ, առաջիկա տարիներին հնարավոր կլինի այս պարտքի ճնշման գործոններն այդ երկուսի հաշվին հակակշռել եւ հավելյալ տնտեսական ռեսուրսներ ներգրավել եւ տնտեսական աճի համար դրական ազդակներ հաղորդել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031