Aravot.am-ի զրուցակիցն է Ա1+ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
-«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը պարզաբանել էր, թե «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը: Մտադի՞ր եք արդյոք օգտվել այդ հնարավորությունից:
-Իհարկե, ոչ և բացատրեմ՝ ինչու: Եթե Հրաչ Քեշիշյանը հայտարարում է, որ այսքան ժամանակ ինքն է ֆինանսավորել «Ա1+»-ը, դա համարում եմ անհեթեթություն: Դա եղել է պատվեր, ինչը երբեք չի համարվում ֆինանսավորում: Եթե Քեշիշյանը գնում է խանութ և առնում սիգարետ, դա նշանակում է՝ ինքը ֆինանսավորում է սիգարետ արտադրողի՞ն: Ոչ, ինքն օգտվում է այդ արտադրությունից: Այդ անհեթեթ արտահայտությունը, հասկանում եմ, էմոցիոնալ բռնկում է եղել ինձ համար անհասկանալի պատճառով:
Ես հստակ պատասխանեցի, որ հրաժարվել եմ այն պայմանով, որ եթե փոխվում են հիմնադիրները, ես հրաժարվում եմ աշխատել որևէ ուրիշ հիմնադրի հետ: Դա չի նշանակում, որ այսպես ասած, հին հիմնադիրն իմ շատ լավ բարեկամն է, այլ նշանակում է հետաքրքիր գործունեություն է եղել, մենք հետաքրքիր աշխատել ենք: Նոր հիմնադրի հետ որևէ առնչություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Կասկածներ ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանն է վերցրել, նամանավանդ, եթե Քոչարյանն է վերցնել, ես մոտիկ գնալ չեմ ուզում:
-Հրաչ Քեշիշյանը պնդում է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
-Դա արդեն իրենց ու Քոչարյանի խնդիրն է: Հերձումը ցույց կտա, ժամանակը ցույց կտա, թե ինչ է կատարվել:
-Այժմ կա այն հնարավորությունը, որ ընդգրկվելով Յուքոմ կամ այլ համանման ցանցերում, կարելի է ապահովել հեռուստատեսային հեռարձակում: Մի շարք համացանցային հեռարձակողներ օգտվել են այդ հնարավորությունից, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արդեն պարզեցված ընթացակարգերով է տրամադրում այդ արտոնագիրը: Արդյոք «Ա1+»-ը նույնպե՞ս կօգտվի այդ հնարավորությունից:
-Հնարավոր է, իհարկե: Մենք մտածում ենք տարբեր ուղղություններով մեր գործունեությունը շարունակելու մասին: Լուրջ փոփոխությունների է ենթարկվում «Ա1 պլյուսի» և՛ կազմը, և՛ ռազմավարությունը, և՛ ուղղվածությունը, և՛ նպատակը: Եվ շատ շուտով կարող եմ կիսվել այդ ամենով:
-Անցյալ տարի «Ա1 պլյուսը» նկարահանեց «Արարատի հայացքը» ֆիլմը: Հնարավո՞ր է «Ա1 պլյուսը» որպես ֆիլմարտադրող շարունակի իր գործունեությունը:
–Այո, այդ ուղղությամբ էլ ենք մտածում, դա էլ անպայման կլինի: Այդ ուղղությամբ արդեն մեծ փորձեր արվել են և շարունակում ենք:
-«Ա1 պլյուսը» քաղաքական որոշման պատճառով եթերազրկվեց: Այս նոր փոփոխություններից հետո 2020-ին կայանալիք կապուղիների մրցույթին մասնակցելո՞ւ եք:
-16 տարվա՝ այսպես ասած «Ա1 պլյուսի» ծայրագույն դժվար վիճակից ելնելով, երբ բոլոր ռեսուրսները վատնված են, այսօր ալիքը վերցնեմ, ինչո՞վ պետք է ապահովեմ: Դրա համար մեծ գումարներ են պետք, ինչը բացակայում է: Մի ժամանակ, երբ կային առաջարկներ, համոզված եմ, դրանք կամ կիսվել են, կամ լրիվ պակասել ու չկան: Դրա համար ալիք վերցնելն ինձ համար գերնպատակ չէ, ավելի լուրջ նպատակ է արտադրությունը, կինո, հեռուստատեսության արտադրությունը, վաճառքը: Իսկ արանքում ինչ հաջողվի, ամեն ինչ կարվի: Եթե մի բան հաջողվի, անպայման կվերադառնանք եթեր էլ, բայց որպես գերնպատակ այսօր եթերը նշելու իրավունք չունեմ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ