«Այս պահին Կարագանդայում կարծես թե ամեն ինչ հանդարտված է: Մինչ այդ տնից դուրս չէինք գալիս. շատերն էին վախենում, անհանգստանում երեխաների համար: Հիմա արդեն դուրս են գալիս, սակայն գիշերները կարծես թե դեռ վախենում են»,-Aravot.am-ի հետ զրույցում Կարագանդայում տիրող իրավիճակի մասին պատմեց Կարագանդայում արդեն շուրջ 30 տարի բնակվող հայ Տաթևիկ Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում հունվարի 1-ին կենցաղային հողի վրա տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվեց դանակահարությամբ, որի հետեւանքով մի երիտասարդ մահացավ, եւս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը եւ Կաիր Նադիրբեկովը ձերբակալվել են, իրավապահ մարմիններից այդ օրերին թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
Տաթևիկ Ավետիսյանը նշեց, որ այժմ գործի բերմամբ է Երևանում, մի քանի օրից վերադառնալու է, ընտանիքը Կարագանդայում է, և չեն պատրաստվում հեռանալ այնտեղից: Հավաստիացրեց՝ վստահում են ղազախ կառավարությանը և հուսով են՝ ամեն բան կհարթվի:
Հիշեցրինք՝ համացանցում տեղեկություններ կան այն մասին, որ հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչում, մտնում են նրանց տներն, ահաբեկում, Տաթևիկ Ավետիսյանն այս առիթով արձագանքեց. «Կոնկրետ իմ ընտանիքի անդամները նման բանի դեռ չեն հանդիպել: Այն, ինչ պատմում եք, այդ ամենի մասին ես ևս համացանցից եմ տեղեկացել: Կոնկրետ մեր տուն չեն եկել: Մեզ այցելել է տարածքային քննիչը. նա շատ էր ցավում դեպքի համար: Մի երիտասարդ տղա էր՝ հարցրեց՝ հո չե՞ն անհանգստացնում, ինչպե՞ս եք ձեզ զգում: Նորից նշեց, որ ցավում է դեպքի համար ու ասաց, որ մի քանի ազգայնականներ գլուխ են բարձրացրել ու հույս հայտնեց, որ շուտով ամեն ինչ կարգին կլինի: Ասաց, որ իր հայրն էլ է շատ անհանգստացած, այդտեղից հասկացա, որ հայրը պաշտոնյա է: Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ կկարգավորվի, այդպես չի մնա: Հասկացա, որ բոլոր այն տներով են անցել, որտեղ հայ կա»:
Տաթևիկ Ավետիսյանն ասաց՝ որևէ տուն չգիտի, որ մտել ու ահաբեկել են:
Մեր զրուցակիցը պատմեց, որ Ամանորի գիշերն իրենք էլ են իրենց ընտանիքով անցկացրել Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում: Եվ ներկայացրեց որոշ մանրամասներ. «Դա սովորույթի նման բան է: Ամեն Նոր տարի մենք դիմավորում ենք հենց այդ ռեստորանում: Ընտանիքով այնտեղ էինք, այնքան հանգիստ, խաղաղ մթնոլորտ է միշտ եղել: Ժամը 09.00 սկսվեց ամանորյա ծրագիրը, տևեց մինչ ժամը 2-3-ը: Մեզ հետ փոքր երեխա կար, մենք շուտ դուրս եկանք՝ 2.30, ինչքան հասկացա ընդհարումը դրանից հետո է եղել: Սկսվել է խոսակցություն, երբ նրանք ասել են, թե պետք է շարունակվի, տերերն ասել են, թե պետք է փակվի, այդ ժամանակ ընդհարվել են: Անգամ ադրբեջանցիները բաժանել են նրանց: Ես անձամբ եմ տեսել, թե ոնց էին ադրբեջանցիները պարում, անգամ Սոխակի թոռները լեզգինկա պարեցին, իրենց հետ նաև ադրբեջանցիներ, ղազախներ էին պարում: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ սերտ, մտերիմ անցկացրին այդ երեկոն: Դրանից հետո թե ինչ տեղի ունեցավ, ոչ մեկը չհասկացավ, բայց ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ իրենք ոչ մի մեղք չունեն»:
Տաթևիկ Ավետիսյանն ասաց, որ Կարագանդայում միշտ լավ մթնոլորտ է եղել բոլոր ազգերի միջև. «Արդեն 30 տարի ընտանիքով Կարագանդայում ենք ապրում: Հայրս, երբ արտագնա աշխատանքի էր գնում Կարագանդա, արդեն գիտեի, թե ինչպիսի մթնոլորտ է այստեղ: Եղբայրներս տարբեր ազգերի ներկայացուցիչ ընկերներ ունեին այստեղ, ինձ համար դա էկզոտիկա էր: Բոլորն էլ իրար լավ էին հասկանում, բարի էին: Հետո որոշեցի ընտանիքով գալ Կարագանդա, քանի որ տեսա, թե ինչքան նմանություններ կան հայերի ու ղազախների միջև: Ես ինձ օտարության մեջ չեմ զգում: Մայիսի 1-ը Ազգերի միության օր էր նշվում: Այդ օրը հնարավորություն էր տրվում բոլոր ազգերի ներկայացուցիչներին իրենց տաղավարում ցույց տալ այն, ինչ ունեն: Մարդիկ գալիս էին հայկական տաղավար, ճաշակում մեր հայկական տոլման, հարիսան, խորովածը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր հին ծանոթների մեջ ադրբեջանական շատ ընտանիքներ կան: Ուղղակի հայ-ադրբեջանական թեման մենք բոլորս շրջանցել ենք, որ կարողանանք միասին ապրել: Ու շատ ջերմ ու լավ հարաբերություններ ունենք, համերաշխ: Գիտեք՝ հիմա ինչքան զանգեր եմ ստանում: Մեր ղազախ ընկերները հարցնում են՝ ո՞նց եք, ապահո՞վ եք: Հարևաններն ասում են՝ եթե պրոբլեմ ունենաք, բարձրացեք մեր տուն: Չեմ հավատում, որ այն ամենը, ինչ կատարվում է, ղազախներն են, դա անում են հատուկ ուղղորդվող ուժեր»:
Խոսելով Սոխակ Մալխասյանի ընտանիքի մասին՝ Տաթևիկ Ավետիսյանն ասաց. «Դեռ Սարուխանից եմ ճանաչում նրանց ընտանիքը: Իմ դասընկերուհին իր եղբոր աղջիկն է: Մի առանձնահատուկ, հյուրասեր ընտանիք են, հիացած եմ իրենց ընտանեկան կազմակերպվածությամբ: Իսկ հետագայում, երբ գնացինք Ղազախստան, մեր ընտանեկան բարեկամությունը շարունակվեց: Իրենց տղաները՝ Մանվելն ու Սամվելն, իմ աչքի առաջ կարծես մեծացած լինեն: Սոխակն ինքն իր էությամբ շատ պարկեշտ, խելացի մարդ է, հարգված բոլորի կողմից, եթե ինչ-որ մեկը խնդիր է ունեցել, միշտ դիմել է իր օգնությանը: Նույն կերպ իր տղաներին է դաստիարակել և ուղղակիորեն մասնակցել թոռների դաստիարակությանը: Այն, ինչ այդ ընտանիքի հետ է կատարվում, դա կարծես բոլորիս ցավը լինի: Սարսափելի է. բոլորս արցունքն աչքերին, սպասում ենք, թե ինչ կերպ այդ հարցը պետք է լուծվի»:
Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանի մասին Տաթևիկ Ավետիսյանն ասաց. «Իր հորաքրոջն եմ ճանաչում, իրենց ընտանիքին էլ եմ ճանաչում: Պապենական հացթուխ են եղել, աշխատավոր, հարգող, չեմ կարող վատ բան ասել: Տեսել եմ, թե ինչպես է այդ երեխան քեֆ անում, ուրախանում Ամանորի գիշերը, բոլորի տրամադրությունը բարձր էր: Թե ինչու այդպես ստացվեց, չգիտեմ, երևի ոմանց դա պետք էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ