Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես մեկնարկեց զորակոչը

Հունվար 09,2019 17:18

Հերթական անգամ մենք զինվոր ենք ճանապարհում բանակ: Եվ ամեն բան անում ենք, որ պահպանվեն անվտանգության կանոնները, որպեսզի հավուր պատշաճի նորակոչիկը կարողանա հասնել ծառայավայր: Մեր բանակի մարտունակությունը հավասարապես կախված է ինչպես զինվորներից ու սպաներից, այնպես էլ հասարակության ցանկացած անդամից: Բանակը մեր երկրի անվտանգության երաշխավորն է: Եվ մենք պարտավոր ենք ցանկացած պարագայում աջակցել, օգնել բանակայիններին, որպեսզի անխաթար լինի մեր ապրելու ազատ ու անկախ իրավունքը:

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում: Երկրի ներսում կատարվող քաղաքական դրսևորումները պետք է առիթ չհանդիսանան, որպեսզի մենք մոռանանք, որ շրջապատված ենք թշնամիներով: Թշնամին հարմար առիթ է փնտրում նախահարձակ լինելու և մեզ թուլացած տեսնելու համար պատրաստ է ամեն ինչի…

Բանակը դուրս է ամեն տեսակ քաղաքական դիրքորոշումից: ՀՀ Զինված ուժերը պատասխանատու են մեր Հայրենիքի անվտանգության համար: Եվ անկախ նրանից, թե երկրում քաղաքական ուժերից որն է իշխանության գլուխ՝ մեր բանակը շարունակում է ծառայությունը: Իսկապես կարևոր է բանակ-հասարակություն կապը, բայց այն պետք է նպաստի միայն երկրի հզորացմանը, բանակի մարտունակության ամրապնդմանը, Զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը, հասարակության շրջանում զինվորականի դերի բարձրացմանը և այլն: Սպայական ուսադիրը պետք է նշաձող լինի ցանկացածիս համար: Եվ զինվոր-սպա հարաբերությունների ճիշտ մեկնարկը պետք տրվի ընտանիքից: Այո, ընտանիքից է սկսվում ծառայությունը: Ծնողները միշտ անհանգստանում են բանակ գնացող իրենց զավակների համար: Եվ սա բնական ծնողական դրսևորում է: Բայց կարծում եմ,որ զորակոչիկին մինչև զինկոմիսարիատ ճանապարհելը, ծնողը պետք է իր զավակին մի քանի կարևոր խորհուրդ տա:

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպը լայն արձագանք գտավ: Նմանատիպ երևույթները ցույց են տալիս, որ հասարակությունը դեռ շատ անելիք ունի, որպեսզի մենք գանք այն գիտակցմանը, որ պետք է ճանապարհները բացենք, ոչ թե խոչընդոտենք: Պետք է օգտակար լինեն գործընթացը առավել դյուրին անցկացնելու համար: Այս պարագայում մասնագետներն ամեն ինչ անում են, հասարակության որոշ խմբերին մնում է միայն չմիջամտել:

Բանակը պետք է ինքնահաստատման հարթակ չլինի, որովհետև նորակոչիկին կրթող սպան հմտորեն յուրաքանչյուր զինվորի կդարձնի հայրենիքի պաշտպան: Մենք պետք է գիտակցենք, որ անցել են այն ժամանակները, երբ ուժով են հարցեր լուծվում: Խորհրդային բանակից եկած և մեր բանակում արմատացած բացասական մի շարք երևույթներ ժամանակի ընթացքում արմատախիլ եղան: Մենք բոլորս զինվոր ենք և մեր նպատակը միմյանց օգնելուց, միասին Հայրենիքը պաշտպանելուց բացի այլ միտում չպիտի ունենա:

Հասարակությունը պետք է քննադատի և դատապարտի նմանատիպ դեպքերը, այդպիսով խթան հանդիսանալով բանակի զարգացմանը: Բանակը պետք է կանգնած լինի ամենաբարձր հարթակում: Վերջին տարիների մի շարք փոփոխություններ տանում են մեր բանակը ավելի զարգացնելու: Այդպիսի օրինակ է բանակում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Զինված ուժերում մարզում են ոչ միայն մկանները, այլև նախապատվություն տալիս գիտական ու կրթական ցենզի բարձրացմանը:

Եվ ուրեմն եկեք միասնական լինենք: Եկեք տարբերակենք, որ բանակը քաղաքական կառույց չի, բանակը երբեք քաղաքական կառույցի մաս չի կարող կազմել: Զինված ուժերում ծառայող մեր եղբայրները հսկում են մեր երկրի, մեր Հայրենիքի սահմանները, որպեսզի մենք ունենանք հանգիստ ու խաղաղ կյանք:

Բարի և անփորձանք ծառայություն տղերք…

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031