«Արդարադատությունը» Սահմանադրական եզրույթ է, որով բնութագրվում է բացառապես դատարանների կողմից իրականացվող գործունեությունը:
ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
Այսինքն, Սահմանադրությամբ հստակ արձանագրված է, որ միայն դատարաններն են լիազորված իրականացնելու արդարադատություն, և գործադիր իշխանության հանրապետական մարմնի անվանման մեջ «Արդարադատություն» տերմինի օգտագործումը, կարծում եմ, մտահոգիչ է պետական իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքի տեսանկյունից:
Կարծում եմ, որ «Արդարադատության նախարարություն» եզրույթն է նաև պատճառը, որ հասարակության մի մասը ենթագիտակցորեն կարծում է, որ Արդարադատության նախարարությունը և անձամբ նախարարը դատարանների վրա ունեն շատ ուղղակի ազդեցություն, իսկ քաղաքացիների մի մասի մոտ կա նաև պետական իշխանության գործադիր և դատական թևերը ներկայացնող մարմինների գործառույթների տարբերության ընկալման որոշակի դժվարություն:
Արդարադատության նախարարությունը, բնականաբար, չի իրականացնում արդարադատություն: Արդարադատության նախարարության կողմից բուն արդարադատության իրականացման գործընթացի վրա ազդեցությունը հիմնականում կարող է դրսևորվել արդարադատություն իրականացնելիս կիրառվող Սահմանադրական նորմերի և օրենքների նախագծերի նախապատրաստմամբ ու կառավարության անունից համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալով, որը կարևոր մասնագիտական գործունեություն է, բայց այդպիսի հնարավորություն ունեն նաև Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության համապատասխան թվով քաղաքացիներ: Իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու լիազորություն ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը:
Հետևաբար, կարծում եմ, իմաստ չունի նախարարությունը անվանել «Արդարադատության», քանի որ այն ակնհայտորեն չի արտահայտում նախարարության գործունեության բնույթը:
Չի կարելի թույլ տալ, որ գործադիր իշխանության մարմինը հանրային ընկալման մեջ ինչ-որ կերպ նույնացվի արդարադատություն իրականացնող մարմնի հետ:
Քանի որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում են փոփոխություններ, առաջարկում եմ Արդարադատության նախարարությունը վերանվանել, օրինակ՝ Իրավունքի պաշտպանության և զարգացման նախարարություն:
Հայկ ԱՐԱՄՅԱՆ
Քաղաքագետ