Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի բազմամյա ուսուցչուհի Գրետա Անդրեասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցի կառավարման խորհուրդը չի կարող լեգիտիմ համարվել, ձեւավորվել է խախտումներով, հետեւաբար լեգիտիմ չի կարող լինել նաեւ տնօրենի ընտրությունը: Տիկին Անդրեասյանը, որ 28 տարի աշխատում է այդ դպրոցում, տնօրենի հավակնորդներից մեկն է եղել, իր ասելով, ներկայացրել է դպրոցի լավագույն զարգացման ծրագիրը:
«2018թ. օգոստոս ամսին մեր տնօրենը մահացավ, ու մեկը պետք է լիներ տնօրեն, ուսուցիչները խորհուրդ տվեցին, որ գնամ դասընթացների, մասնակցեմ մրցույթին: Ճիշտն ասած, ես ակտիվ չէի, չէի ուզում մասնակցել, բայց հետո հասկացանք, որ ճիշտ կլինի ոչ թե ուրիշ մարդ գա մեր դպրոց, այլ ես փորձեմ, որովհետեւ 28 տարի այդ դպրոցում փոխտնօրեն եմ աշխատել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նրա ասելով, հետագայում դասընթացներին մասնակցելիս տեղեկացել է, որ նախկին տնօրենի կինը եւս ցանկանում է մասնակցել մրցույթին, սակայն նա չի հաղթահարել ղեկավարման իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված քննությունը:
Նոյեմբերի 2-ին ինքն է քննություն հանձնել, ու ինչպես հավաստիացնում է՚ առավելագույն միավորներ է ստացել: Տիկին Անդրեասյանը տեղեկացրեց, որ անընդհատ խոչընդոտել են իր մասնակցությունը տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ու իր կողմնակիցներից շատերի բջջային հեռախոսներին սպառնալիքներով հաղորդագրություններ են ուղարկել, թե կվնասեն երեխաներին, եթե համարձակվեն աջակցել Անդրեասյանին: Նա նաեւ հավելեց. «Ջրառատ գյուղից մեկ ուրիշին էին համոզել, որ գա տնօրեն աշխատի` Անդրանիկ Նահապետյանին, որը ֆիզիկայի ուսուցիչ էր: Բայց նա ցանկանում էր, որ իրենց գյուղում տնօրեն լինի, սակայն իրենց դպրոցի տնօրենը 1-2 տարուց էր թոշակի գնալու»:
Aravot.am-ի հետ զրույցում Գրետա Անդրեասյանն անընդհատ շեշտում էր, որ իրենց խորհուրդը լեգիտիմ չէ, անգամ անդամները տեղյակ չեն եղել, որ իրենց անունը կա այդ ցուցակում: Նա նշեց, որ այդ խնդրով նամակ է ուղարկել ԿԳ նախարարությանը, խոսել կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ: Տիկին Անդրեասյանի համոզմամբ, իրենց դպրոցում լուրջ ուսումնասիրությունների կարիք կա, որոնց մասին ինքը չի համարձակվում բարձրաձայնել եւ իր ձեւակերպմամբ, այդ ամենը աուդիտը կպարզի: Նրանից տեղեկացանք, որ ի աջակցություն իրեն, դպրոցի աշակերտների 90 տոկոսը հունվարի 8-ին դասի չի գնացել:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից:
Պարոն Արշակյանը հայտնեց, որ տիկին Անդրեասյանի նամակը դեկտեմբերի 26-ին են ստացել, այն մակագրվել է տեսչությանը: «Նա դժգոհել է խորհրդից, ինչ-ինչ խախտումներից, տեսչությունն այդ ամենը կստուգի եւ իրեն կպատասխանի»,-ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` դպրոցի ֆեյսբուքյան էջից