Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանություն է ներկայացել զինակոչիկների ավտոբուսի միջադեպի երկրորդ ակտիվ մասնակիցը

Հունվար 09,2019 16:34

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ քիչ առաջ ՌՈ ներակայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով  հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող  «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:

Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից:

Փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։ Անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

Մերուժան Ոսկանյան

Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ: Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է անում ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։

https://www.facebook.com/arcrun/posts/2075160072519590

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031