Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքներով մոտիկ են եղել». Քոչարյանին գրավով ազատելու հարցը քննող դատավորին դատախազությունն ու քննիչը ինքնաբացարկ են հայտնել

Հունվար 09,2019 16:17

Ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցն էր քննարկվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց. «Դատախազությունը եւ քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավորին: Քննարկվեց այդ հարցը: Պաշտպանական կողմը առարկեց միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 14-ին: Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, ապա վաղվա դատական նիստը տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի: Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել, ապա վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»:

Թե ինչ հիմքով են դատախազությունն ու քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնել դատավոր Նելլի Բաղդասարյանին (լուսանկարում)՝ Ալումյանն ասաց, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ իրենք ընտանիքներով բավականին երկար ժամանակ մոտիկ են եղել ու որպեսզի կասկածներ չառաջանան իր անաչառության վերաբերյալ՝ ինքը ինքնաբացարկ էր հայտնել: Խոսքը Մարտի 1-ի գործի շրջանակներում քննված մեղադրյալի՝ Վահագն Հարությունյանի մասին է, որի անունը Ալումյանը չհրապարակեց: Այդ գործով Նելլի Բաղդասարյանը հրաժարվել էր քննել:

Ալումյանը նշեց, որ եթե գործն ըստ էության քննվեր, հնարավոր է, որ մեկի արդարացումն ուղիղ անդրադառնար մյուսի վիճակի վրա, բայց այն, որ Քոչարյանը գրավով ազատ կարձակվի, թե ոչ՝ մյուս մեղադրյալի վիճակի վրա չի անդրադառնում. «Ուստի մենք համարում ենք, որ դա փաստարկ չէ՝ այս դատավորին ինքնաբացարկ հայտնելու, այդպես էլ դատարանում ներկայացրել ենք»:

Ալումյանը գտնում է, որ երբ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացնում, պատրաստ են ամբողջ գիշեր դատական նիստ անել, միայն թե նրան կալանավորեն, հիմա, երբ ուզում են Քոչարյանին գրավով ազատել, 10 օրով կարող են նիստը հետաձգել. «Սա ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չէ, որովհետեւ իրենք չեն զգում իրենց վրա, թե ինչ է նշանակում կալանքի տակ գտնվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031