«Այդ պատմական կեղծիքը`Դաշնակցության եւ Կարմիր բանակի համագործակցության միֆը, ստեղծվել է մեր հարեւան երկրում, Ադրբեջանում: Դրա համար, հավանաբար, հիմք է հանդիսացել այն, որ Էնվեր փաշան սպանվել է հայ կարմիրբանակայինի կողմից`Թյուրքեստանի անապատներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, պատմաբան Բագրատ Եսայանն` անդրադառնալով Կարագանդայում, Նոր տարվա գիշերը տեղի ունեցած միջադեպին հաջորդած զարգացումներին:
Հիշեցնենք, Ղազախստանի Կարագանդա բնակավայրի «Հին Հռոմ» ռեստորանում, Նոր տարվա գիշերը հաճախորդների միջեւ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել է մեկ տղամարդ, երեքը վնասվածքներ են ստացել:
Միջադեպը, հետագայում օգտագործվեց Ղազախստանում հակահայկական տրամադրություններ տարածելու համար: Համացանցում ադրբեջանցի բլոգերների կողմից տարբեր տեղեկություններ հայտնվեցին`հայերին հակաթյուրքիզմի մեջ մեղադրող:
https://www.youtube.com/watch?v=T90FddCw2Do&fbclid=IwAR0jJVy-U2JUmhsyhsU0e9lHuxsyl4cJtFKujVxXP09MSRgJzAzPQ7R-1eo
Շրջանառության մեջ դրվեցին թեզեր, որ 1918-ին Դաշնակցականները Կարմիր բանակայինների հետ են համագործակցել եւ դերակատարում են ունեցել միջինասիական ժողովուրդների «հնազանդեցման» գործընթացներում: Տարբեր հաշվարկներով, այդ ժամանակ զոհվեց մինչեւ 500 հազար մարդ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
Շրջանառվեցին նաեւ Ադրբեջանի, ապա Ղազախստանի ղեկավար Լեւոն Միրզոյանի կողմից 1930-ականներին միջին ասիական պետությունների ժողովուրդների նկատմամբ իրականացրած ձերբակալությունների եւ գնդակահարումների մասին տեղեկություններ: Ինքը`Լեւոն Միրզոյանը, ձերբակալվել եւ գնդակահարվել է 1939-ին`Ստալինի հրամանով:
https://www.youtube.com/watch?v=nsKrkpKJmXw
Էնվեր փաշայի սպանության իրողությունը, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանն օգտագործել է այն միֆի ստեղծման համար, որ Թյուրքեստանում, բասմաչների ապստամբության ճնշման համար Դաշնակցությունը եւ Կարմիր բանակը համագործակցել են: «Այս պատմական կեղծիքը լայնորեն տարածվել է Միջինասիական պետություններում, հատկապես Ուզբեկստանում: Հիմա էլ փորձ է արվում այն արտահանել Ղազախստան: Դաշնակցության ներգրավման մասին որեւէ պատմական փաստ, Դաշնակցության որեւէ պատմական դեմքի ներգրավման մասին այդ իրադարձություններում որեւէ պատմական փաստ, որեւէ վկայություն գոյություն չունի: Սա ստի վրա հիմնված մի տեսություն է: Կարծում եմ, սա ոչ միայն հակադաշնակցական, առաջին հերթին հակահայկական քարոզչական արշավ է, որին պետք է հակազդեն պատմաբանները, ոչ թե դաշնակցական գործիչները: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, ոչ թե պատմաբանների հավաքատեղի: Իհարկե, մենք հարուստ պատմություն ունենք, բայց պետք չէ միայն այդ պատմությունով զբաղվել»,- ասաց Բագրատ Եսայանը:
Հարցին`ինչո՞ւ այս տարիների ընթացքում դաշնակցական գործիչներն այնպիսի քարոզչություն չեն իրականացրել, որ այժմ անհնար չլիներ այդ սուտը կրկին արդիական դարձնել, նա պատասխանեց. «Դաշնակցության մասին սովետական շրջանում այնքան սուտ է եղել, նաեւ թուրքական, ադրբեջանական, այսպես կոչված պատմաբանների կողմից այնքան սուտ է հրապարակվել, որ եթե Դաշնակցությունն իր ամբողջ բանուգործը թողներ եւ կենտրոնանար այդ ստերը հերքելու վրա, մենք երեւի որեւէ այլ բան չէինք անի անցած հարյուր տարիների ընթացքում»:
Թե որքանո՞վ կհաջողվեն Ղազախստանում ազգայնական հակահայկական դիրքորոշումը պետական, քաղաքական վերածելու շահագրգիռ՝ թե ադրբեջանական, թե ղազախական պետական ու քաղաքական որոշ գործիչների ջանքերը, Բագրատ Եսայանի կարծիքով, կախված է թե հայկական դիվանագիտությունից, քաղաքական, մտավորական եւ հասարակական գործիչների ակտիվությունից, թե Ղազախստանի պետական համակարգի, իշխանության ներկայացուցիչների հավասարակշիռ պահվածքից:
Հիշեցնենք, Ղազախստանի ԱԳ նախարարը, ոստիկանապետը եւ մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարություններով հանդես եկան`այդ ամենում բացառելով ազգամիջյան տարրը: Սակայն, Ղազախստանի Կարագանդայի մարզի դատախազությունը գործ է հարուցել ազգամիջյան խտրականության հիմքով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ