Օրերս «Անոնիմուս» ցանցահենների խումբը հրապարակել էր փաստաթղթեր բրիտանական նախագծերից մեկի արխիվից, ըստ որի՝ հայաստանյան մի շարք հայտնի փորձագետներ որակվում են որպես «ռուսական քարոզիչներ» եւ «ռուսական շահերի ներկայացուցիչներ»: Փորձագետների թվում է վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նշյալ հրապարակմանը՝ ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել անհայտ, անհիմն փաստաթուղթը, որը պարզ չէ, թե ով է պատրաստել, ինչ հիմքերով եւ ինչ գործոններից ելնելով է այդ անձանց ընդգրկել այդ ցուցակում»:
Փորձագետի բնորոշմամբ. «Խնդիրն այն է, որ դա անհեթեթություն է, այլ կերպ չեմ կարող նկարագրել: Շատ վատ երեւույթ է, երբ պիտակավորում են մասնագետների, որոնք երկար տարիներ աշխատում են իրենց ոլորտներում, եւ, որ շատ կարեւոր է, հանդիսանում են գիտնականներ: Կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան՝ մենք գիտությամբ ենք զբաղվում՝ աջակցելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգին եւ ինչ-ոչ չափով նաեւ խորհուրդներ ենք տալիս մեր պետությանը»:
Հիշեցնենք, որ ցանցահենների խմբի հրապարակումը մեկնաբանել էր նաեւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ