Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մամաս ի՞նչ ասես դրել է՝ միս, պանիր». Ծառայության մեկնեցին լոռեցի նորակոչիկները

Հունվար 09,2019 15:37
zorakoch

Այսօր Վանաձորի զինվորական կոմիսարիատը կրկին մարդաշատ էր: Մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Ծառայության է մեկնում վանաձորցի նորակոչիկների առաջին խումբը: Այսօրվանից Հայոց բանակի շարքերը լրացնող տղաներից մեկն էլ Սուրենն է: Ասում է՝ հպարտությամբ է գնում ծառայության, քանի որ դա յուրաքանչյուր տղայի պարտքն է: Ապա նայելով ձեռքի փոքր տոպրակին, ծանոթանում է, թե մայրը ճանապարհի համար ի՞նչ է ուղարկում իր հետ. «Ես իմ պարտքն եմ կատարում հայրենիքի առաջ… Չգիտեմ, մամաս ի՞նչ ասես դրել ա՝ միս, պանիր…»:

Արենն ու Արսենն էլ երկվորյակ եղբայրներ են: Բարձր տրամադրությամբ ու ոգեւորությամբ են մեկնում ծառայության: Երկու տարի միասին նույն տեղում են ծառայելու: Ասում են՝ միայն կարոտն է, որ ծառայությանը գուցե փոքր-ինչ խանգարի. «Ցանկանում եմ, որ տղաները բարով գնան, բարով գան, հասնեն իրենց ընտանիքներին…ամենաշատը տնեցիներին եմ կարոտելու, հետո նաեւ ընկերներին,- ասաց Արսենը. «Մեկ էլ մեքենաս»,- եղբոր խոսքը շարունակեց Արենը:

Հուզմունքը մեծ է նաեւ ծնողների ու հարազատների մոտ: Սակայն վստահ են, ամեն բան լավ է լինելու. «Մաղթում եմ, որ խաղաղ գնան, խաղաղ գան, եղբայրաբար ծառայեն, հայրենիքը պաշտպանեն: Մենք 5 եղբայր ենք, ծառայել ենք, հիմա էլ մեր տղաներին ենք ուղարկում բանակ: Հպարտ ենք, տղա ենք մեծացրել, ղայդին էլ տղա է, ուղարկում ենք ծառայելու, Փառք Աստծո: Հեռախոսի մասին էլ տեղյակ եք, առել ենք, իր հետ տանում է, ուրախ զանգեր կստանանք ու ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Կարեն Մարտիրոսյանը:

Լոռու մարզի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ, Արտյոմ Անտոնյանը վստահեցնում է, որ բոլոր նորակոչիկներն անցել են համապատասխան բժշկական ստուգումները: Իսկ այն տղաները, որոնք պիտանի չեն եղել ծառայության համար, բանակ չեն մեկնի. «Այսօր բոլոր հիվանդություններն էլ կարելի է շեշտել՝ եւ՛ հոգեկան, եւ՛ նյարդաբանական շեղումներ, եւ՛ թերապիա, եւ՛ սիրտ: Բոլոր հիվանդություններով մենք ունենք զորակոչիկներ, այդ իսկ պատճառով նրանց տրվում է տարեկետում: Որոնց կարողանում ենք վիրահատական միջամտություններից հետո բուժել, միանշանակ բուժումից հետո նրանք հաջորդ զորակոչին մեկնում են բանակ: Հիմա բոլորի տրամադրությունը բարձր է, ոչ մի խոչընդոտ տեղի չի ունեցել: Երեխաները պատրաստվում են պատվով գնալ, եւ իրենց ծառայությունը կատարեն»:

Տղաներին բանակ ճանապարհելու էին եկել նաեւ Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետն ու Գուգարաց թեմի առաջնորդը: Իսկ օրվա գլխավոր բարեմաղթանքը հնչում էր բոլոր շուրթերից՝ «Անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031