Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը»-ը կարող է նվազեցնել ներդրումները Հայաստանում. «Կոմերսանտ»

Հունվար 09,2019 15:28

«Գազպրոմը» վերջին պահին կարողացավ համաձայնության գալ Հայաստանի նոր իշխանությունների հետ՝ 2019թ. գազի գինը 10%-ով, այսինքն` մինչև 165 դոլար բարձրացնելու շուրջ: Այնուամենայնիվ, համաձայնագիրն ավելի շուտ ձևական բնույթ է կրում. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա»-ի համար, բայց Երևանը պատրաստ չէ բարձրացնել ներքին սակագները: Ըստ փորձագետների՝ փաստացի «Գազպրոմը» կարող էր չեղարկել ներքին զեղչը, որի հաշվին նրա դուստր ընկերությունը ներդրում էր կատարում երկրի ենթակառուցվածքներում, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին ստորագրեցին պայմանագրի հավելյալ համաձայնագիր: Հայաստանի համար գազի գինը Վրաստանի հետ սահմանին 2019թ. սկզբին բարձրացավ 10%-ով՝ 1000 խորանարդ մետրի համար՝ 165 դոլար: 2016թ. համաձայնագրով Հայաստանը գազը ստանում էր 165-ի փոխարեն 150 դոլարով:

«Գազպրոմը» Հայաստանի սպառողների համար գազի միակ մատակարարն է (Երևանը գազ ստանում է նաև Իրանից, բայց այն օգտագործում է միայն էլեկտրաէներգիա ստանալու համար, որը մատակարարում է Թեհրանին): «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանագիրը ստորագրվել է 2013թ.՝ 2014-2018թթ. տարեկան մինչև 2500 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու վերաբերյալ: 2018թ. ինն ամսում «Գազպրոմն» արտահանել է 1.37 մլրդ խորանարդ մետր գազ:

Հավելյալ պայմանագրի շուրջ բանակցությունները «Գազպրոմը» ստիպված էր վարել արդեն Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018թ. գարնանը երկրում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացան, գրում է թերթը: Հուլիսին ՊԵԿ-ը հարկային խախտումներ հայտնաբերեց մի քանի գազալցման ընկերություններում, այդ թվում «Գազպրոմ Արմենիա»-ի «Ավտոգազ» դուստր-ընկերությունում: Այնուհետև հարկային մեղադրանքներ ներկայացվեցին «Ռուսական երկաթուղիների» «Հարավկովկասյան երկաթուղիներ» դուստր ընկերությանը և հենց «Գազպրոմ Արմենիա»-ին: Գազային ընկերությունում հերքեցին բոլոր մեղադրանքները և հայտարարեցին, որ երկու տարվա ընթացքում իրենք տարեկան 27.6 մլն դոլարի վնաս են կրում: Կառավարությունը պնդում էր 2019թ-ից նվազեցնել գազի գինը: Արդյունքում կողմերը պայմանավորվեցին, որ գազի գինն աճում է, բայց ներքին շուկայում սակագինը մնում է նույնը (1000 խորանարդ մետրի համար 290 դոլար):

«Գազպրոմում» չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Հունվարի 7-ին Մհեր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հայ սպառողների համար գազի գնի քննարկումները կառավարությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն կսկսեն հունվարի 8-ին: Նրա խոսքով՝ մինչև հստակ որոշում չլինի, գազավերաբաշխման ընկերությունը չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հայցով: «Պետք է արվի ամեն բան, որպեսզի սակագինը չբարձրանա… Ընկերության առավել արդյունավետ աշխատանքը և ավելորդ ծախսերի կրճատումը բխում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շահերից: Ընդ որում, նման պատրաստակամություն հնչել է»: Պաշտոնյան նշել է, որ քննարկումները կարող են շարունակվել մի քանի ամիս:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ «պետության կողմից սուբսիդավորման մասին խոսք չի կարող լինել»: Այն, որ սակագինը կմնա նույնը «ներքին կարգավորումների հաշվին», հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրել էր, որ սակագնի պահպանումը չի հանգեցնի պարտքերի կուտակման և ռուսական կողմին արված զիջումների: Ընդ որում, Հայաստանը կշարունակի գազի գնման շուրջ բանակցությունները նաև Իրանի հետ:

«Ռայֆֆայզենբանկի» վերլուծաբան Անդրեյ Պոլուշչիկը կարծում է, որ «Գազպրոմի» ու Հայաստանի իշխանությունների նոր պայմանավորվածությունը կարող է հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի նվազմանը, բայց ոչ մեծ չափով:

Էներգետիկ անվտանգության ազգային ֆոնդից Ալեքսեյ Գրիվաչը կարծում է, որ մասամբ հանվել է այն զեղչը, որը «Գազպրոմը» տվել էր «Գազպրոմ Արմենիա»-ին ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդրումներ ապահովելու համար: Այնպիսի պայմաններում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկում «Գազպրոմի» դուստր ընկերության նկատմամբ, տարօրինակ կլիներ սպասել, որ ռեսուրսը կպահպանվի երկրի ներսում, կարծում է փորձագետը: Բայց, նրա խոսքով, դա կարող է դառնալ հետագա բանակցությունների առարկա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031