Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցն է քննարկվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց գործի քննության հետ կապված խնդիրները: Նրա խոսքով՝ «Վճռաբեկ դատարանն ասել է, որ նախագահն անձեռնմխելի է միայն այն դեպքում, եթե իր լիազորություններից դուրս չի եկել ու եթե իր լիազորությունները չի օգտագործել՝ իր անձնական նպատակների համար: Եթե մարդը իր լիազորություններից դուրս չի եկել, ինքը բոլոր դեպքերում անձեռնմխելի է՝ լինի ՀՀ նախագահ, կամ կադաստրի աշխատող: Մարդուն ընդհանրապես չի կարելի ենթարկել պատասխանատվության ի պաշտոնե կատարած գործողությունների համար, եթե ինքը իր լիազորություններից դուրս չի եկել: Այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում նախագահի անձեռնմխելիության շեմը այլ պաշտոնյաների անձեռնմխելիության շեմից, այստեղ խնդիր կա: Վճռաբեկ դատարանն այնպիսի փաստարկներ է բերել ու այնպես է մեկնաբանել օրենքը, որ ստացվել է այնպես, որ ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը ոչ մի ձեւով չի տարբերվում այլ պաշտոնյայի անձեռնմխելիությունից»:
Ըստ Ալումյանի, հիմա ոչ մի դատարան կալանքի հարցը քննելիս չի կարող որոշել ու ասել՝ Ռոբերտ Քոչարյանը դո՞ւրս է եկել իր լիազորությունների սահմաններից, թե՞ ոչ. «Եթե այդպիսի ձեւակերպում է տրվում, անմեղության կանխավարկածի խախտում է: Կարելի է համարել, որ անձը անձեռնմխելի չի, եթե ոչ թե հիմնավոր կասկած կա դրա մասին, այլ եթե ինքը հաստատ անձեռնմխելի չի, այդ դեպքում պիտի հաստատ ապացուցվեր, որ ինքը իր լիազորություններից դուրս է եկել: Այս փուլում հարցը պիտի այսպես դրվի՝ այն, ինչ իրեն վերագրվում է՝ նա որպես ՀՀ նախագա՞հ է կատարել, թե՞ ասենք, որպես ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ»:
Այսօր դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում: Թե ինչո՞ւ՝ Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը նպատակահարմար չգտավ մասնակցել դատական նիստին, մնացածը մեկնաբանել չեմ կարող»:
Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք չի տեսնում: Նա հույս ունի, որ այսօր դատարանը որոշում կկայացնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ