Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Քոչարյանը պիտի հիմա կալանքի տակ չգտնվեր». Քոչարյանին գրավով ուզում են ազատ արձակել

Հունվար 09,2019 14:46

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցն է քննարկվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ընդհանրապես գտնում ենք, որ պարոն Քոչարյանը պիտի հիմա կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան ու չգիտենք, թե Վճռաբեկ դատարանն այդ հարցին երբ լուծում կտա, միջանկյալ միջոց է սա մեր կողմից՝ դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի, մինչեւ մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան»:

Հայտնի է, որ Քոչարյանի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Պարոն Ալումյանի խոսքով՝ ՍԴ դիմում են, եթե գտնում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը. «Տվյալ դեպքում մենք նկատի ունենք, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի Վճռաբեկ բողոքը: Հիշում եք, վարույթ ընդունեց, հետն էլ մասնակի բավարարեց: Վճռաբեկ դատարանը կիրառել էր Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի առաջին մասը: Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու երկու հիմք կար, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին: Առաջին հիմքը նա է, որ վարույթ է ընդունում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, ասենք, պիտի որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ տա: Խոսքը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը, բայց Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը սահմանված չէր օրենքով, նրա անձեռնմխելիության վերաբերյալ օրենքում ընդհանրապես ոչինչ ասված չի: Դա Սահմանադրության մեկնաբանության խնդիր էր, եւ Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրությունը: Կարող էր վարույթ ընդունել նաեւ այն հիմքով, եթե առկա է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտում: Մի կողմից մարդու ազատության իրավունքն է՝ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից պետության շահն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակավորապես գտնվի անազատության մեջ:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը գերակա է, երբ որ դատախազությունը Վճռաբեկ բողոք է բերում սրա դեմ ու բողոքը պատճառաբանում է, որ առկա  է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է աբսուրդ, որովհետեւ պետության անունից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ առկա է հակառակ կողմի իրավունքի խախտում»:

Ալումյանն ասաց, որ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ Քոչարյանի փաստաբանները ճիշտ են, ապա պետք է վերանայվի Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031