Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ նորընտիր պատգամավոր. «Այն ժամանակ ՔՊ-ի եւ մեր տարակարծություններից ծնվում էին ավելի արդյունավետ լուծումներ»

Հունվար 09,2019 14:24

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նորընտիր պատգամավորներից է Սարգիս Ալեքսանյանը, որն ընտրվել է Տավուշի մարզից եւ կուսակցության Տավուշի մարզային խորհրդի ղեկավարն է: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե առաջնահերթ որ խնդիրների լուծմանն է ծառայեցնելու իր գործունեությունը նոր խորհրդարանում: «Կուսակցությունում դեռ որոշված չէ, թե ով որ հանձնաժողովում կընդգրկվի, բայց ես նախապատվությունը տալիս եմ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության, պետական անվտանգության և պաշտպանության, առողջապահության, սոցիալական խնդիրների բնագավառներին: Փոքր-ինչ շատ թվարկեցի, բայց այդ ոլորտներից յուրաքանչյուրում տեսնում եմ իմ միջամտության եւ գործունեության անհրաժեշտությունը»,-տեղեկացրեց Սարգիս Ալեքսանյանը:

Նա առաջնային խնդիրներից է համարում սահմանամերձ բնակավայրերի սոցիալական և անվտանգության հետ կապված հարցերը, որոնց առնչությամբ, իր խոսքով, պետք է հատուկ պետական աջակցություն ցուցաբերվի. «Այս համատեքստում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ՝ տարածքային համաչափ զարգացման, համայնքային խոշորացումն ընդհատելու և նախկին իրավիճակին վերադառնալու նպատակով: Կարծում եմ՝ միայն համայնքի բնակչության կարծիքը հիմք ընդունելով պետք է լինի խոշորացման գործընթաց՝ հանրաքվեի միջոցով»:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում իր կուսակցության ընդդիմադիր լինելուն, մեր զրուցակիցը նախ նշեց. «Լուսավոր Հայաստանն» այն փոքրաթիվ քաղաքական ուժերից է, որն ունի մաքուր անցյալ, մասնագիտական հմտություններ, փորձ, երկրին ծառայելու հստակ նպատակ և երկիրն այս դժվարին վիճակից հանելու խորը եւ ուսումնասիրած ծրագիր, եւ, որ շատ կարևոր է, ժողովրդից ստացած ամենաանկաշառ վստահության քվեն: Այդ քվեի համար մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը»:

Սարգիս Ալեքսանյանի խոսքով. «Մենք դժվարին ճանապարհ ենք անցել «Իմ Քայլը» դաշինքի հիմնական որոշումները կայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Ելք» դաշինքի շրջանակներում, և այն ժամանակ մեր տարակարծություններից ծնվում էին ավելի արդյունավետ լուծումներ: Դա տեղի էր ունենում փակ քննարկումներում, իսկ հիմա մենք դա կանենք բացահայտ՝ հանրության առաջ, ինչից կշահի միայն մեր հանրությունը: Արդեն նշմարվում են շատ հարցերում մեր և իրենց տարբերությունները. մենք պատգամավորների քանակով զգալի զիջում ենք, բայց ստեղծարար մտքերով և ջանասիրությամբ կլրացնենք այդ տարբերությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031