Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Քոչարյանի գործի մասին. «Այդ ամենը օրինականության սկզբունքի հիման վրա չէ տեղի ունեցել»

Հունվար 09,2019 13:04

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց որպես մեղադրյալներ Պավել Մանուկյանի եւ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան:

Հիշեցնենք, որ նա վերջերս ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր: Լրագրողների հետ զրույցում տիկին Փոստանջյանն անդրադարձավ վերջին աղմկոտ քրեական գործերին. «Ամեն ինչ պետք է լինի օրինականության սկզբունքի հիման վրա: Ներկայումս ամեն ինչ չէ, որ այդպես է: Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանքը դեռ պատիժ չէ ազատազրկման տեսքով: Բոլոր նախնական կալանքները պարունակում են ոչ թե արդար նպատակներ, այլ բեմադրություն են»:

Զարուհի Փոստանջյանի բնորոշմամբ. «Ութ ամիս է անցել այսպես կոչված «հեղափոխությունից», բայց մինչ օրս այդ գործերը դատարանում չեն, մենք չենք տեսել այդ ծանրակշիռ մեղադրական եզրակացությունները: Դրանք բեմադրություն են՝ նախնական կալանքի տակ վերցնել, հետո՝ ազատել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ շահարկել քաղաքական նպատակներով: Սա ապօրինություն է: Դա տեղափոխություն էր, ոչ թե հեղափոխություն»:

Փոստանջյանը խոսեց նաեւ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ Aravot.am-ին տված հարցազրույցում հայտնած դիրքորոշումների պատճառով քաղաքացիների քննադատություններին է արժանանում: Քոչարյանի դեմ քրեական գործի մասին նա հետեւյալ կարծիքը հայտնեց. «Այդ ամենը օրինականության եւ արդարության սկզբունքի հիման վրա չէ տեղի ունեցել: Խոսքը նախնական կալանքի մասին է: Թող մեր քաղաքացիներին շփոթության մեջ չգցեն: Նախնական կալանքի ժամանակ անձն անմեղ է, քանի որ գործում է անմեղության կանխավարկածը: Նախնական կալանքը բացառիկ միջոց է, որին պետք է դիմել, մինչդեռ իշխանությունը նախնական կալանքներն օգտագործում է իր համար եւ քաղաքացիներին դրանք ցուցադրում որպես ազատազրկման ձեւով պատժի կիրառման միջոց: Մինչդեռ նախնական կալանքը ազատազրկման տեսքով պատիժ չէ, քաղաքացիները պետք է տարբերեն դա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031