Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական երկընտրանք. բարեփոխումներ կամ «բարեկամություն Ռուսաստանի հետ»

Հունվար 09,2019 22:00

Հայաստանը նոր տարի եւ նոր քաղաքական սեզոն թեւակոխեց՝ ավարտելով արտահերթ, հետհեղափոխական ընտրական ցիկլը, ունենալով այլեւս ժողովրդավարական ստանդարտներով ընտրված Ազգային ժողով, որը մի քանի օրից կհավաքվի, կձեւավորի իր ղեկավարությունը, հանձնաժողովները, կհաստատի նոր կառավարություն եւ կսկսի իր բնականոն աշխատանքը։

Եթե մինչ այս պարզ էր, որ դե-ֆակտո ժամանակավոր, ընտրարշավի տրամաբանության մեջ գործող, խորհրդարանում մեծամասնություն չունեցող, այդ խորհրդարանն օր առաջ արձակելուն միտված, քսանամյա աղբը ժառանգած կառավարությունից այլ բան ակնկալելն առնվազն իրատեսական չէր լինի, եթե ոչ՝ անազնիվ, ապա այժմ այլեւս անցյալում է հատվածային, իրավիճակային, ժամանակավոր, մարտավարական որոշումների անխուսափելիության ընկալումը։ Նոր իշխանությունն ապահովել է անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ անցնելու ռազմավարական որոշումների եւ խորքային բարեփոխումների, ինչը ոչ միայն ուղղակի թելադրված է պետության եւ հասարակության շահերով, այլեւ հենց իշխանության ամրության եւ կենսունակության թեկուզեւ նեղ քաղաքական նկատառումներով։

Սա միանգամայն նոր փուլ է քաղաքական գործընթացում, որը մեկնարկեց անցյալ տարվա ապրիլից, որի տրամաբանությունն էապես տարբերվում է նախորդներից։ Եկել է ժամանակը ռազմավարական որոշումներ ընդունելու. ի վերջո, ի՞նչն ենք բարեփոխելու, ո՞ւր ենք հասնելու այդ բարեփոխումներով, ի՞նչ ենք ստանալու այդ բարեփոխումների արդյունքում։ Համենայնդեպս, այն ուրվագծերը, որոնք տարվել են մինչ օրս, կապված տնտեսական ոլորտում փոփոխությունների, դատական եւ իրավապահ համակարգերում բարեփոխումների եւ «աղբահանության», իշխանություն-հասարակություն նոր հարաբերությունների հետ, ինչը նաեւ ամրագրվեց ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում կրիմինալ-օլիգարխիկ համակարգի մնացուկների չեզոքացմամբ եւ մարգինալացմամբ, հիմք են տալիս եզրակացնելու, որ կա այն գիտակցումը, որ պետության եվրոպական մոդելը Հայաստանում պարզապես այլընտրանք չունի։

Իսկ սրանից բխում է մի քանի կարեւոր բան։ Նախ՝ վերոնշյալ յուրաքանչյուր քայլը Մոսկվայի համար նշանակում է իր լծակների էական թուլացում։ Իրավիճակը Մոսկվայի համար բարդանում է նաեւ նրանով, որ այսօրվա իշխանության մեջ չկա որեւէ անհատ, որի վերաբերյալ ռուսներն «ավանդական» կոմպրոմատ ունենան, այսինքն՝ այդ լծակն ուղղակի այլեւս չի գործում Հայաստանում։ Մոսկվայի ընկալումներում ոչինչ չի փոխվել այն օրվանից, երբ Ջ. Քեննանը դա ձեւակերպեց. Ռուսաստանի հարեւանները կարող են լինել կամ վասալներ, կամ թշնամիներ։ Հավելենք, որ Ռուսաստանին պետք չեն նաեւ դաշնակիցներ, նա ունի երկուսը՝ բանակը եւ նավատորմը, եւ դա մեկ դարից ավելի է, ինչ նրան լիովին բավարարում է։ Ռուսաստանին պետք են ագենտներ կամ «օգտակար ապուշներ»։ Իսկ բազմիցս չարչրկված այս արձանագրումներն անհրաժեշտ են՝ չմոռանալու համար, թե ինչ «գաղափարական հենքի» եւ «փիլիսոփայական հումքի» հետ գործ ունենք, երբ խոսում ենք այդ երկրի հետ «ինտեգրացիոն գործընթացները խորացնելու» մասին։

Մոսկվան իր այս ընկալումները չի էլ թաքցնում։ Եթե «թարգմանենք» «դիվանագիտական ռուսերենից» պարզ հայերենի Պուտինի ամանորյա շնորհավորանքները Նիկոլ Փաշինյանին, ներառված Կրեմլի նույն հաղորդագրության մեջ Սերժ Սարգսյանին եւ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքների հետ մեկտեղ՝ ստացվում է հետեւյալը. այո, մենք աշխատում ենք պաշտոնական Երեւանի հետ «ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», բայց մեր ցանկալի բարեկամներին չենք մոռանում։

Եվ քանի Հայաստանի կառավարությունը զբաղված էր մարտավարական խնդիրներով, սոցցանցերը հեղեղած ֆեյք-նորություններ հերքելով, ՀՀԿ-ի աղմկոտ եւ ցինիկ թրոլինգի պայմաններում կռիվ տալով ամենօրյա ռեժիմով տիրաժավորվող թունավոր նառատիվների եւ ստերի հետ՝ ռուսների համար այս ամենը վտանգավոր չէ։ Մոսկվան հիմա էլ նոր «խաղ» է առաջ բերում՝ գազի գին, սահմանին գինը մի քիչ բարձրացնում է, սկսում բանակցություններ ներքին գների վերաբերյալ՝ իր բանդիտական կազմակերպություն «Գազպրոմը» խաղի մեջ մտցնելով եւ ուղեկցելով պրոպագանդիստական աղմուկով, թե «սոցիալական վիճակը», մեկը, մյուսը, կվատանա, երկիրը կկործանվի եւ այլն՝ նպատակ դնելով հողանցել ողջ քաղաքական ռեսուրսը, անիմաստ հանդիպումներ ամիսը մեկ կամ երկու անգամ նախաձեռնելով, նպատակ դնելով հողանցել նաեւ ժամանակային ռեսուրսը։ Այո, Մոսկվան ձգտելու է խեղդել Հայաստանի ցանկությունը որեւէ խորքային բարեփոխումներ անելու, ձգտելու է արհեստական «պրոբլեմներ» ստեղծելով եւ կեղծ օրակարգ պարտադրելով ստիպել ողջ էներգիան մսխել իր հետ «հարաբերությունների խորացում» քննարկելու վրա եւ շարունակելու է ճնշումներ գործադրել պաշտոնական Երեւանի վրա։

Նման պայմաններում եթե Երեւանը չի փոխում խաղի կանոնները, ապա շատ բարդ կլինի մտածելը զարգացման որեւէ ռազմավարության մասին։ Որքան էլ որ ձգտի Փաշինյանը եւ իր կառավարությունը լոյալություն պահպանել Մոսկվայի հանդեպ, նա չի՛ ընկալվում եւ չի՛ ընկալվելու որպես «յուրային», քանզի այդ «ակումբում», կրկնենք, «յուրային» են նրանք, ում վրա կա՛մ լուրջ կոմպրոմատ կա, կա՛մ պարզ ագենտներ են։ Իսկ Հայաստանի նոր կառավարությունը, որպես այդպիսին, ընկալվելու է որպես մի «ժամանակավոր դժվարություն», որը «կհաղթահարվի», երբ «հասունանա դրա ժամանակը»։ Իսկ դրա համար մի «մտահոգված բանակ» արդեն իսկ ուրվագծվել է հրապարակային դաշտում՝ մեդիայում, սոցցանցերում, որոնք ներկայումս ամրապնդում են իրենց «հեռարձակման» կարողությունները եւ ամենօրյա ռեժիմով փորձում են իշխանությանը ներքաշել անպատվաբեր բանավեճերի մեջ, ստիպել հերքել իրենց ամենօրյա «մտահոգությունները»՝ դրդելով սխալների, անորոշություն, անվստահություն եւ հուսալքություն տարածելով հանրության շրջանում եւ քաղաքականությունից հոգնեցնելով քաղաքացիներին։

Հայաստանի իշխանություններին այլ բան չի մնում, քան սեփական օրակարգը սահմանել, ձեւակերպել, թելադրել եւ իրագործել, որքան էլ որ դա մտահոգի «մտահոգվածներին» Երեւանում կամ Մոսկվայում։ Այդ օրակարգը պետք է բխի բացառապես Հայաստանի անվտանգության եւ զարգացման արմատական շահերից, եւ իրերը պետք է կոչվեն իրենց անուններով։ Պետք է կարեւորագույն ուղղություններով առաջ քաշվեն հստակ ծրագրեր եւ մատչելիորեն, գործնական, առանց երկիմաստությունների տեղ թողնելու ներկայացվեն հանրությանը՝ իրենց էությամբ, վերջնաժամկետներով, ակնկալվող արդյունքներով, որոնք կլինեն չափելի, հաշվելի եւ կշռելի։ Եվ գերատեսչությունների գլխավոր պատասխանատուները պետք է ստանան հնարավորությունը զբաղվելու իրենց հիմնական գործով՝ հաշվի առնելով օպտիմալացման գործընթացը կառավարման մարմիններում։

Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է Հայաստան-ԵՄ ռազմավարական նշանակություն ունեցող համաձայնագրի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, չի՛ կարող դա մի կողմ դնել եւ ամիսը մի քանի անգամ զբաղված լինել Միլլեր-«Գազպրոմ» անվերջ «պարացնելով»։ Հասկանալի է, որ Հայաստան-«Գազպրոմ» աննորմալ հարաբերություններն այլեւս պետք չէ եւ հնարավոր էլ չէ շարունակել։ Երկրորդ օրինակը. հասկանալի է նաեւ, որ Վրաստանից տարբերվող հարկային եւ մաքսային դրույքաչափերը Հայաստանում, ինչ է թե դա «պարտավորություն է ԵԱՏՄ շրջանակներում», պարզապես սպանելու են մեր տնտեսությունը՝ սկսած ռեստորանների հարկերը բարձրացնելուց, վերջացրած Ռուսաստանի «հայրենական արտադրողին» սատարող 25 կգ քաշով եւ 500 եվրոյով սահմանափակող օրենքը Հայաստանի սահմանին կիրառելը, եւ եթե մենք զրկվում ենք մրցունակությունից մեր հարեւան Վրաստանի հետ համեմատած, ապա ի՞նչ ներդրումների մասին այլեւս կարող է խոսք գնալ եւ այլն, եւ այդպես շարունակ։

Խնդիրն այն չէ, որ Հայաստանը դատապարտված է առճակատման գնալու ռուսների հետ, ինչին գուցեեւ շատ են սպասում Բաքվում։ Խնդիրն այն է, որ ռուսական կապանքները, որոնք քսան տարի փաթաթվել են Հայաստանի պարանոցին, թույլ չեն տալու առաջ շարժվել, ավելին՝ այս յոթ ամսվա պայքարի ձեռք բերածը հայտնվում է ուղղակի սպառնալիքի ներքո, եթե Հայաստանում չվերանայվի հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը եւ չդադարեցվի դրանց տոքսիկ ազդեցությունը Հայաստանի հետագա ընթացքի վրա։ Հայաստանը պետք է կանգ չառնի իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ճանապարհին, ինչը թելադրված է զարգացման տրամաբանությամբ։

Հարցն ունի կենսական նշանակություն Հայաստանի ապագայի համար, որը կանգնած է ռազմավարական երկընտրանքի առաջ. կա՛մ հաջողված բարեփոխումներ, կա՛մ Ռուսաստանի հետ շարունակվող «բարեկամության» ճահիճ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Оган Дзенов says:

    “Հայաստանը պետք է կանգ չառնի իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ճանապարհին…..”
    այլ հանձնվի Բաքվի, Թիֆլիսի և ինչու չէ Անկարայի քմահաճույքներին!!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031