Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղազախստանում ազգամիջյան բախումների որոշակի նախադրյալներ կան, որոնք կարող են զարգանալ սադրանքների հետևանքով

Հունվար 09,2019 12:18

Ամանորյա գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արձագանքները թեև մարում են, այնուամենայնիվ, տեղի ունեցածն արժանի է ավելի մանրամասն ուսումնասիրության, քանի որ խոսքը գնում է Հայաստանի հետ նույն ինտեգրացիոն համակարգերում գտնվող երկրի և այդ երկրի հայ համայնքի մասին։

Միջադեպը

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի ռեստորաններից մեկի մոտ տեղի է ունեցել մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը հոսպիտալացվել են։ Ծեծկռտուքին մասնակցել են հայեր, որոնցից կալանավորվել են երկուսը՝ Թորգոմ և Սոխակ Մալխասյանները, իսկ ևս մեկը՝ Նարեկ Գուրուրյանը, հետախուզման մեջ է։ Բացի հայերից, միջադեպից հետո կալանավորվել է նաև մեկ ղազախ։

Չնայած նրան, որ Կարագանդայի քաղաքային իշխանությունները և ոստիկանությունը հայտարարում են, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, այնուամենայնիվ, տարածվում են տեղեկություններ, թե ծեծկռտուքն ու սպանությունը տեղի են ունեցել ազգային հողի վրա, որի մասին պնդումները հատկապես շատ շրջանառվում են Вконтакте սոցիալական ցանցում։ Այս առիթով հունվարի 3-ին Կարագանդայի մարզի դատախազությունը հայտարարել է, որ առանձին անձինք փորձում են միջադեպն օգտագործելով սադրել քաղաքացիներին և դրդել ապօրինի գործողությունների։

Հունվարի 6-ին Կարագանդայի ոստիկանության առջև տեղի է ունենում ակցիա՝ հետաքննության մասին մանրամասներ տրամադրելու պահանջով, իսկ Կարագանդայի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսում՝ ազգամիջյան խտրականություն հարուցելու գործով։

Հայկական արձագանքը

Հունվարի 3-ին միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածում Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը՝ ցավակցություն հայտնելով զոհվածի հարազատներին։ Հաղորդագրությունում դիվանագիտական ներկայացուցչությունը հույս է հայտնում, որ զանգվածային լրատվության միջոցները զերծ կմնան սոցցանցերում շրջանառվող կեղծ տեղեկությունները տարածելուց։ Նշվում է նաև, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար տիրում է ազգամիջյան համերաշխություն և բացառիկ հանդուրժողականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս նաև Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչ, Կարագանդայի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը, որը ևս ցավակցություն է հայտնում զոհվածի հարազատներին։

Հունվարի 7-ին միջադեպին անդրադառնում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն ընդգծում է, որ միջադեպը չէր կարող ազգամիջյան բնույթ ունենալ, քանի որ ծեծկռտուքը նախաձեռնողների մեջ նաև ղազախներ են եղել։ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնում զոհվածի հարազատներին։

Ստեղծված իրավիճակը

Ղազախստանն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է, որի բնակչության ընդամենը շուրջ 60 տոկոսն են կազմում ղազախները։ Առավել մեծ էթնիկ խմբերից են ռուսները, ուզբեկները, ուկրաինացիները, ույգուրները, թաթարները, գերմանացիները, կորեացիները, թուրքերը, ադրբեջանցիները, բելառուսները, քրդերը, լեհերը և այլն։ Ազգամիջյան բախումները բացառելու և էթնիկ խմբերի շահերը պաշտպանելու համար Ղազախստանում դեռևս 2009 թվականին ընդունվել է Ազգային միասնության հայեցակարգ։ Ու թեև ազգային հողի վրա կոնֆլիկտներ այդ երկրում փաստացի տեղի չեն ունենում, այնուամենայնիվ, նման երևույթները կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ Ղազախստանի ազգային անվտանգության համար։ Դրա վառ դրսևորումն է, թերևս, այն, որ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո՝ հունվարի 5-ին, ղազախական Սեմեյ քաղաքում մի խումբ անձինք ներխուժել էին ադրբեջանական «Բաքու» ռեստորան՝ փորձելով հաշվեհարդար տեսնել սպանված ղազախի համար։ Այս դեպքը ցույց է տալիս, որ Ղազախստանում ազգամիջյան բախումների որոշակի նախադրյալներ կան, որոնք կարող են զարգանալ սադրանքների հետևանքով։

Նշենք նաև, որ Կարագանդայում ոստիկանության առջև տեղի ունեցած ցույցը արդեն հասցրել է օգտագործվել ադրբեջանական քարոզչության կողմից։ Մասնավորապես, ադրբեջանական Vzglyad.az կայքը հունվարի 4-ին հայտարարել էր իբր «հայերի վայրագությունների» մասին, իսկ 1news.az կայքը, իր հերթին, հայտնել էր, թե Կարագանդայում տեղի ունեցած ցույցը եղել է «հայերի սանձարձակության» դեմ։ Novosti.az-ն էլ անհեթեթ հայտարարություն էր արել, թե իբր Ղազախստանում հայերը «անջատողական օջախ» են ստեղծել։

Վերը նշվածը, անշուշտ, պետք է նախ և առաջ արժանանա Ղազախստանի իշխանությունների պատշաճ գնահատականին, իսկ Հայաստանը եվրասիական կառույցներում իր գործընկերների հետ հարաբերություններում պետք է ուշադրություն հրավիրի այդ կառույցների հետ համագործակցել ցանկացող Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների վրա։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031