Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրավապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը: Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին։ Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ զանգվածային անկարգություններին մասնակից այլ անձանց հետ հարձակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարատ Սենիկի Մանուկյանի վրա, ապա գետնին գցելով՝ ոտքերով եւ բռունցքներով ծեծի ենթարկել նրան, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս։ Ղավալբաբունցը առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ավելին՝ պնդել է, որ ոչ թե բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, այլ պաշտպանել է նրան։ Ղավալբաբունցի գործով միակ ապացույցը եղել է տուժող ոստիկանի ցուցմունքը, որը նշել է, թե իրեն դաժան ծեծի ենթարկողների թվում եղել է Վարդան Ղավալբաբունցը, չնայած «դաժան» ծեծին, նրա մոտ դատաբժիշկները թեթեւ վնասվածքներ էին արձանագրել։ Չնայած պաշտպանական կողմի հակափաստարկներին ու ապացույցներին՝ դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Ղավալբաբունցին։
Վերջինս Վանո Սիրադեդյանի վարորդն է եղել, ապա Եզնիկ Սրբազանի, նաեւ եղել է Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձը։ Նա համաներմամբ ազատ է արձակվել մեկ տարի անց՝ 2009 թ.։
– Այժմ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Դեռեւս 2008-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ձեզ ձերբակալելու օրը՝ մարտի 16-ին, Վահագն Հարությունյանն իր աշխատասենյակում անձամբ պարբերաբար ձեզ ծեծի է ենթարկել, որպեսզի ցուցմունք կորզի Եզնիկ Սրբազանի դեմ։ Դուք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունները, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել։
– Այդ ժամանակ սկսեցին հայտարարել, թե Վահագը ոչ մեկին չի ծեծել, ես դատարանում ցանկացա էդ ամբողջը բացահայտել, բայց ինձ որ տարան դատարան, նույնիսկ դատական նիստերի դահլիճում ոչ մեկը չի եղել, դատավճիռս կարդացին, ձեռնաշղթաները առանց ձեռքիցս հանելու, ու նորից հետ են տարել, որ ես նման բացահայտումներ չանեմ։ Ինձ որ բռնել են, տարել են քաղաքի վարչություն, ես էլ եմ համակարգում աշխատել, ծանոթներ էին։
Ինձ բերման ենթարկելու արձանագրություն կազմեցին ու ասացին, թե ամոթ չես անո՞ւմ, ոստիկան ես ծեծում, ես էլ ասացի, որ տեսագրությունները ամբողջը ունեք, գնացեք նայեք, որտեղ կտեսնեք, որ ես ինչ-որ մեկի վրա ձեռք եմ բարձրացնում, ապա ես պատրաստ եմ ամենախստագույն պատիժը կրել։ Գնացին նայեցին, եկան ասացին՝ ոչ մի բան չկա, արձանագրությունը կազմեք, բաց թողեք, թող գնա։
Հետո ինչ-որ զանգ եղավ, որ տանեն դատախազություն։ Տարան դատախազություն՝ Վահագն Հարությունյանի աշխատասենյակ, նա զանգահարեց չգիտեմ ում, ներկայացրեց, որ ես եղել եմ նախկինում Վանո Սիրադեղյանի վարորդը, ախրանայի աշխատող, հիմա Եզնիկ Սրբազանի վարորդն եմ, ու էդ եղավ, հեռախոսը դրեց, 10 րոպե անցավ, հետ զանգ եղավ ու սկսեցին ծեծել։ Նա զանգահարեց մի քանի հոգու, ասաց՝ թողեք էդ հարսանիքը եկեք, եկան ու մինչեւ երեւի գիշերվա 12-ը ծեծ եմ կերել, մի քանի ժամ ու էն ձեւի, որ մեր տնեցիք եկել են, դուռը բաց ա եղել, ինձ չեն ճանաչել։
Էդ նույն ձեւով ինձ տարել են ԿՊԶ (ձերբակալված անձանց պահման վայր), ԿՊԶ-ի պետը չէր ընդունում, ասում էր՝ սենց արյունլվա ես չեմ ընդունի, տարեք, ինչ-որ բան գրեք, ես ընդունեմ։ Մի խոսքով՝ ինձ հասկացրին, որ լավ, մենք կգրենք, որ էս վիճակում քեզ բերել են, էս քեզ «կոզր» կլինի, որ քեզ հետ չտանեն։ Բժիշկը արձանագրել էր, որ ոտքերս ամբողջությամբ քերծված են եղել, կողերս, կոնքերս՝ վնասված։
– Վահագն Հարությունյանը անձա՞մբ էր մասնակցում ծեծին։
– Անձամբ ինքն է սկսել ծեծի ենթարկել։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում