Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե պետք է ընդհանրապես վերացնել ԱԺ փոխնախագահի ընտրություն ասվածը. կարող է լինել պարզապես քաղաքական որոշում ընտրությունից առաջ. «Ժամանակ»

Հունվար 09,2019 11:57

Խորհրդարանի փոխնախագահի ընդդիմության հասանելիք քվոտան «Իմ քայլը» դաշինքը կարծես թե պատրաստվում է տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ այն սկզբունքով, որ կուսակցությունը երկրորդն է «Իմ քայլ»-ից հետո և, ըստ էության, մեծությամբ երկրորդ խմբակցությանն է պետք թողնել այդ քվոտան: Սկզբունքը, որպես այդպիսին, հասկանալի է, բայց այդ դեպքում գուցե պետք է ընդհանրապես վերացնել ԱԺ փոխնախագահի ընտրություն ասվածը և մշակել այլ կարգ, այլապես, ֆորմալ առումով դա ընտրություն է, սակայն կարող է լինել պարզապես քաղաքական որոշում ընտրությունից առաջ: Մինչդեռ, ընտրություն հասկացությունը, գաղափարը, երևույթն ու մշակույթը, որ անշուշտ պետք է լինի նոր Հայաստանի հասարակական-քաղաքական արդիական զարգացումների հիմքը, չպետք է դիտարկել միայն համապետական կամ ՏԻՄ իշխանության ձևավորման քվեարկությունների շրջանակում, միայն քաղաքացիների անմիջական մասնակցություն ունեցող ընտրական պրոցեսի շրջանակում:

Պատգամավորները քաղաքացիների ներկայացուցիչներ են և եթե նրանք կատարում են ընտրություն, ապա նրանց կատարածն էլ պետք է ընտրության բնույթին համապատասխանի ոչ միայն տառով, այլև ոգով: Շատ կարևոր է, որ թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանում սկսել է իշխանության ընտրական մեխանիզմով ձևավորման գործընթացը, բայց նույնքան կարևոր է, որպեսզի արդեն ձևավորված իշխանությունն իր ներսում այդ գործընթացը չվերածի ֆորմալության, այլապես հինգ տարի անց կարող է հանկարծ ֆորմալացվել նաև հաջորդ համապետական ընտրությունը:

Ինչպես կվարվի ի վերջո «Իմ քայլը» դաշինքը, պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն մյուս կողմից նաև անհրաժեշտ է դիտարկել խնդիրը մյուս եզրույթի տիրույթում՝ ընդդիմություն: Գործնականում, նոր իրավիճակում և, համենայնդեպս, ըստ էության անցումային հնգամյա փուլում ընդդիմություն քաղաքական երևույթի արժեքի ձևավորման հարցում ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ինչպես որևէ պաշտոն, թերևս չպետք է ունենա էական նշանակություն: Եթե դա տեղի ունենա, ապա դա կնշանակի, որ առնվազն այդ մասով իրադարձությունները զարգանում են ոչ ճիշտ ուղղությամբ:

Ավելին, այդ տեսանկյունից, իր հերթին, նոր քաղաքական մշակույթի և մտածողության դրսևորում կլինի այն, որ ընդդիմադիր ուժերը ուղղակի հրաժարվեն, այսպես ասած, փոխնախագահական քվոտայից: Ի՞նչ է դա տալիս նրանց: Ոչինչ: Այդ քվոտան ըստ էության սահմանված էր նախորդ համակարգի տրամաբանությամբ, դեմոկրատական ֆասադի համար, որը պետք է ծածկեր դեմոկրատական բովանդակության բացակայությունը կամ լուրջ խնդիրները:

Երբ չկա իրական քաղաքական մրցակցություն, ընտրական ինստիտուտ, իշխանության ձևավորման հանրային դերակատարություն, մնում է ստեղծել իմիտացիոն մթնոլորտ, դեկորներ, ընդդիմությանը, այսպես ասած, ավելի լայն դեր տալու տպավորություն: Դա արեց ՀՀԿ-ն, քանի որ հենց սկզբից հայտնի էր, որ կուսակցությունը չի պատրաստվում ընդդիմությանը ընձեռել ամենագլխավոր հնարավորությունը՝ ընտրությամբ իշխանության գալու հնարավորությունը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031