Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կառավարության անդամների գործուղումն Ազգային ժողով չեն որակում նրանց վատ աշխատանքի արդյունք. «Հայկական ժամանակ»

Հունվար 09,2019 11:47

Կառավարության կուլիսներում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ կառավարությունից Ազգային ժողով են գնում հիմնականում այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով չէին գոհացնում Նիկոլ Փաշինյանին: Խոսքը, մասնավորապես Շիրակի, Տավուշ մարզպետների եւ մշակույթի ու սփյուռքի նախարարների մասին է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կառավարության անդամների գործուղումն Ազգային ժողով չեն որակում նրանց վատ աշխատանքի արդյունք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունից խորհրդարան գնալը քաղաքական վերադասավորման արդյունք է: «Սա ավելի շատ քաղաքական վերադասավորում է: Քաղաքական թիմը ճիշտ է գտել, որ այս մարդիկ ավելի օգտակար կլինեն Ազգային ժողովում: Միտումը ոչ թե նրանց գործադիր մարմնից հեռացնելն է, այլ՝ նրանց պոտենցիալն ԱԺ-ում օգտագործելու նպատակն է»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բարձրաձայնվում են վատ աշխատող պաշտոնյաների անունները, ՔՊ խոսնակը չհերքեց: «Օբյեկտիվ քննարկումներ լինում են՝ աշխատանքի որակի բարելավմանն ուղղված: Բնականաբար, լինում են այդ քննարկումները, որովհետեւ թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը, որ ձեւավորվում է, ցանկանում են մշտապես բարձրացնել որակը, որպեսզի օր առաջ կարողանանք լուծել ազգաբնակչության խնդիրները»,- մեկնաբանեց ՔՊ խոսնակը:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե գործադիրում վատ աշխատածներն «աքսորվում են» խորհրդարան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ խորհրդարանում աշխատելը պակաս պատասխանատու է, քան մարզպետ կամ նախարար աշխատելը»:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք վարչապետը կառավարության անդամներին կամ այլ պաշտոնյաների որեւէ կերպ հասկացրել է, որ իրենց կատարած աշխատանքից դժգոհ է, Արման Եղոյանն ասաց. «Որեւէ կերպ հասկացնելը չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ խորհրդարանում աշխատելը պակաս կարեւոր գործ չէ: Չի կարող խորհրդարանական աշխատանքը դիտարկվել որպես դժգոհության արտահայտություն»:

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031